Lragir.am-ը գրում է.
Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան ինքնիշխանություն անվտանգության դիմաց: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Համաձայնություն կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունը բացառում է ՀՀ լիարժեք անդամակցությունը Մաքսային միությանը: Մաքսային միության կանոնադրությունը նախատեսում է վերպետական մարմինների ստեղծում, ըստ որի անդամ պետություններն իրար հետ կազմում են մեկ մաքսային տարածք, և այդ վերպետական մարմինն է որոշում այդ տարածքում թե ողջ մաքսային կանոնադրությունը, թե կանոնակարգում արտաքին առևտուրը երրորդ երկրի հետ: Դա, Շահնազարյանի խոսքով, ՀՀ ինքնիշխանության կորուստ կլինի, ինչը բացառում է ներկայիս Սահմանդրությունը:
Սահմանադրության որևէ փոփոխություն չի կարող ապահովել այդ անդամակցության օրինականությունը: Նա նշեց, որ ակնհայտ է՝ այդ որոշումն ընդունվել է վերջերս և դա կայացվել է Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո:
«Ինչպիսի՞ ճնշումներ կարող են լինել, ես թվարկեմ ընդամենը երկուսը, որի մասին խոսել են Ռուսաստանի պաշտոնատար անձինք: Առաջինը, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքն է, որը վստահ եմ, որ կիրառվել է Ռուսաստանի կողմից: Երկրորդ, սպառնում են Հայաստանում սրել ներքին իրավիճակը: ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարն ասել էր, որ Հայաստանում սպասվում է թեժ աշուն: Կարծում եմ, որ եղել են շատ ու շատ ուրիշ ճնշումներ»,- ընդգծեց նա:
Դավիթ Շահնազարյանը նաև ասաց, որ այս հայտարարության համար օգտագործվեց այս պահը, երբ Արևմուտքի ողջ ուշադրությունը Սիրիայի կողմն էր: Բացի այդ, Ռուսաստանին պետք էր մեծ քսանյակի համաժողովին ընդառաջ քայլ կատարել Արևմուտքի դեմ, դա արվեց Հայաստանի հաշվին: Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսուհետ որոշվելու է Մոսկվայում: Սրանից հետո աշխարհը կարծես թե Հայաստանի հետ խոսելու ոչինչ չի ունենա, հարցերը բացառապես կլուծվեն Մոսկվայում: Եթե Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը տեղի ունենա, Դավիթ Շահնազարյանի խոսքով, դա լուրջ փոփոխություն է տարածաշրջանում և չի կարող ազդեցություն չունենալ հայ-թուրքական հարբերությունների վրա, էապես կվտանգվի հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումը:
Ներքաղաքական իմաստով, եթե դա տեղի ունենա, չի բացառվում, որ կընդլայնվի իշխող կոալիցիան: Շահնազարյանը կանխատեսում է, որ եթե իշխանությունները գնան այդ քայլին, էական խստացումներ կլինեն և Հայաստանի քաղաքացիական ինստիտուտների կարգավիճակը կահավասարեցվի այն աստիճանին, որն այսօր Ռուսաստանում է առկա: Եթե պայմանագրի ստորագրումը տեղի ունենա, ըստ նրա, կլինի ոչ իրակական գործարք: Հակառակ դեպքում Հայաստանի համար նոր կարգավիճակ պետք է սահմանվի, որպեսզի պահպանվի երկրի ինքնիշխանությունը, սակայն Ուկրանիայի կողմից նման առաջարկները Ռուսաստանը մինչ օրս մերժել է:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Հայաստանում հասարակությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը չպետք է թույլատրեն, որ տեղի ունենա այդ անընդունելի գործարքը: Այս վիճակում, քանի դեռ հույսեր կան, որ իշխանությունները կարող են գործը չհասցնել պայմանագրի ստորագրմանը, ապա, Շահնազարյանի խոսքով, վաղ է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը:
Նա հիշեցրեց, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի 90 տոկոսը հենց Ազատ առևտրի համաձայնագիրն է, այնինչ ՀՀ իշխանությունները մոսկովյան հայտարարությամբ փորձում են հասկացնել, որ պատրաստ են Ասոցացման համաձայնագիրն ստորագրել առանց Ազատ առևտրի համաձայնագրի: Դավիթ Շահնազարյանը նաև կարծում է, որ Մաքսային միությունը հեռանկար չունեցող կառույց է լինելու: