Hetq.am-ը գրում է․
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն առաջարկում է թերլիցքավորման համար տուգանված վառելիքի լցակայաններում մեկ ամիս ժամկետով տեղադրել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, գրում է «Հետք»-ը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի եւ դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:
Ուստի այս նախագծի ընդուման դեպքում սպառողները կարող են տեղեկանալ, որ տվյալ լցակայանը նախկինում տուգանվել է թերլիցքավորման համար։
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ:
Այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։