- Եթե Մաքսային միությանն անդամակցելը սուվերենության ու անկախության կորուստ է/պետականության մահ է/հայոց նոր ցեղասպանություն է/խայտառակություն է, ապա ինչի՞ այդ դեպքում նույնօրինակ Համապարփակ առևտրի գոտի ստեղծելն ու ԵՄ-ի հետ ասոցացվելու որոշումը մեծագույն բարօրություն են (առավել ևս, որ գրողներից ոչ մեկը չի էլ տեսել էդ պայմանագրերի տեքստը):
- Եթե Մաքսային միությունը տենց բացարձակ չարիք է, ապա ինչո՞ւ դրանից մինչև հիմա դուրս չեն եկել Բելառուսիան ու Ղազախստանը, կամ էդ ինչո՞վ ա սահմանափակվել իրանց ազատությունը:
- Մաքսային միություն չմտնելը վստահորեն բերելու էր Ռուսաստանի պատասխան քայլերին, ոնց որ դա եղավ ու շարունակվում է Ուկրաինայի հետ, որտեղ արդեն խուճապ է սկսվել, և մոտ են չեղարկելուն ասոցացումը: Նման հակաքայլերի թվերով արտահայտված արդյունքներն ո՞վ էր փորձել հաշվել, ու փորձողները եթե կային, ապա մտածե՞լ էին, թե ֆինանսական վնասներն ո՞վ ու ինչպե՞ս էր հատուցելու:
- Հանրաքվե պահանջողներն արդեն մոռացե՞լ են, որ 2006-ի սահմանադրական բարեփոխումներից հետո հանրաքվեի արդյունքները պարտադիր ուժ չունեն իշխանությունների համար, էլ չասեմ, որ սառույցի վրա ա գրված, որ հանրաքվեի արդյունքում կստացվի «ցանկալի արդյունքը», անգամ եթե քվեարկությունը լինի թափանցիկ ու արդար:
- Ընդհանրապես, մեկնումեկը փորձե՞լ է ինչ-որ քիչ թե շատ ռեպրեզենտատիվ հարցում անցկացնել, հետազոտություն, որը ցույց կտար, թե ի՞նչ է մտածում ժողովուրդն այս հարցի առնչությամբ:
- Ե՞րբ կգիտացենք, որ Հայաստանը մեկուսացված համակարգ չի, ու ինքը աշխարհաքաղաքականության մեջ ինչ-որ դիրք ունի, որը ենթարկվում է աշխարհաքաղաքական պրոցեսների ազդեցությանը: Ասել է թե` եթե դիվանի վրայից գոռացինք, որ մենք ինչ ուզենք՝ կանենք, էդ դեռ չի նշանակում, որ այդպես ա:
- Ասում են` Սերժն իրավունք չուներ միանձնյա որոշում կայացնելու: Ախպեր, ինչքան գիտեմ, մեր երկրի սահմանադրությունն ու օրենքներն են որոշում, թե ով ինչ իրավունք ունի, և ո՜նց նայում եմ, Սերժը չի արել ոչ մի նենց բան, որ արգելված լիներ օրենքով էս պարագայում, ու առավել ևս նենց բան լիներ, որ մյուս նախագահները չէին արել: Մենք նախագահական երկիր ենք, ու նախագահն ունի որոշակի որոշումներ կայացնելու արտոնություն, գուցե սխալվում եմ, բայց սա հենց այդպիսի որոշումներից մեկն էր:



