Mediahub.am-ը գրում է․

Չոր նավահանգստի նախագիծը արդյունաբերական պարկ է, որից Հայաստանում չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են հենց մշակող արդյունաբերության և ընդհանրապես արդյունաբերական կազմակերպություններին անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելուն»,-ասաց նախարարը։

Արդյունաբերական պարկին կից լոգիստիկ կենտրոն կլինի, որը կօգտագործվի, որպեսզի մի տեսակի տրանսպորտային միջոցից մյուս տեսակի տրանսպորտային միջոց բեռների տեղափոխումը կատարվի բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով, որտեղ կլինի ազատ տնտեսական գոտի։

Լրագրողի դիտարկմանը, որ սոցցանցերում չոր նավահանգիստը համեմատում են կոկորդիլոսաբուծության հետ, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, Քերոբյանը պատասխանեց․

«Պատկերացնում եք, եթե Էկոնոմիկայի նախարարությունն աշխատեր սոցցանցերից ստացած գաղափարներով... պարզ է, որ սոցցանցերում մարդիկ ինքնառեալիզացիայի ժամանակ կարող են ծաղրել»,-ասաց Քերոբյանը, հավելելով, որ նախարարությունը բազմաթիվ նախագծեր է իրականացրել, որոնք ի սկզբանե ոչ իրատեսական են թվացել, բայց արդեն իրակագործվել են։

«Նման շատ օրինակներ ունենք, նույն լեռնադահուկային համալիրը, հիշում եմ ինչպիսի ծաղրանք էր առաջացել, երբ նոր էր ընդունվել, բայց արդեն այնտեղ ճոպանուղին աշխատում է, շուտով կարող ենք միասին դահուկ վարել», - ամփոփեց Վահան Քերոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել