Իշխանությունների վարքագծում կարևոր մի հանգամանք կա, որին գրեթե ուշադրություն չի դարձվում՝ նրանք ժողովրդից թաքցնում են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակվելու հանգամանքներն ու այդ խնդրի հետ կապված բոլոր քննարկումների ու բանակցությունների բովանդակությունը։
Իր համար շատ հարմար մարտավարություն է ընտրել Նիկոլի վարչախումբը՝ հանրային խոսքում ասում է, որ Արցախն իրեն չի հետաքրքրում, թող ռուսներն անհանգստանան փակ ճանապարհի համար, զուգահեռ ամենատարբեր պաշտոնյաների հետ քննարկում այն օրակարգերը, որոնք Արցախը բլոկադայի ենթարկելու միջոցով ասպարեզ է բերել Ալիևը։
Ինչու՞ Հայաստանում ոչ ոք չի հարցնում այս իշխանությանը, թե ի՞նչ է խոսել Փաշինյանը Պուտինի հետ դեկտեմբերի 12-ին՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը թշնամու կողմից փակելու առաջին օրը։ Չէ՞ որ մինչ Երևան զանգելը Պուտինն Ալիևի հետ է խոսացել և վստահաբար տեղեկացել ադրբեջանական կողմի՝ նման գործողության շարժառիթների մասին։ Ինչու՞ ՀՀ կառավարությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ հարցով է Հայաստան եկել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Չէ՞ որ Ադրբեջանը հենց բրիտանական ընկերության պահանջով է բարձրաձայնում Արցախի հանքերի խնդիրը։ Ինչու՞ է Ստեփանակերտում չեղարկվել այսօրվա հանրահավքը։ Ի՞նչ առաջարկներ են ռուս խաղաղապահները փոխանցել հայկական և ադրբեջանական կողմերին։ Այսպիսի հարցերը շատ են։
Նիկոլի կառավարությունը նախընտրում է ցույց տալ, որ թքած ունի Արցախի վրա, հայհոյանքներ ուտել դրա համար, բայց այդ գնով խուսափել իրեն ուղղված բոլոր տիպի հարցերից։ Բայց սա անթույլատրելի է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ Արցախի այս վիճակի հետ կապված բոլոր հարցերի գլխավոր հասցեատերը ՀՀ կառավարությունն է։ Ու եթե այդ նույն կառավարությունն ամեն կերպ շեղում է հանրության ուշադրությունը, սլաքներն ուղղում դեպի ռուս խաղաղապահներ կամ նույնիսկ ընդդիմություն, նշամակում է, որ ժողովրդի մեջքի ետևում հերթական դավաճանական սցենարն է բանակցում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.page/posts/pfbid0Uf38zAWhTjEAeKX5zCH8DxQFviqJCuV9pUSrKVnL4x2oK5jmAEar67Q84BNAppYbl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել