Mediahub.am-ը գրում է.
«ՔՊ»-ական պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՊՀ պետությանը անդամակցելու Ռուսաստանի պահանջի մասին իր հայտարարությունը, ասաց, որ դա ընդամենը իր ենթադրություններն են, Լաչինի միջանցքում տեղի ունեցող ադրբեջանական վայրագությունները պայմանավորում է հենց այդ հանգամանքով։
«Ես հո չեմ գնացել «պերեգավոռների», դա իմ ենթադրությունն ա։ Էն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասեց՝ գնա, ստորագրի, մենք էլ կմասնակցենք, մեղքի կեսը կվերցնենք մեր վիզը, կամ Քոչարյանը, որ ասում էր՝ միութենական կազմ մտնելը ճիշտ ա, Ռուբեն Վարդանյանն ասում էր՝ Թաթարստանի նման ազատ կապրենք, ինչի՞ էին ասում»,-պարզաբանում է Մելքոնյանը։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ։
-Իշխանությունն էլ թուրքերի հետ բարեկամություն անելու առաջարկ է անում, թե՝ կհզորանանք, լավ կապրենք։
-Բայց դու ինչ՞ի ես վատ զգում քեզ, որ թուրքերի հետ պիտի լավանանք։ Հիմա մեր ապրանքների 70 տոկոսը թուրքական ապրանք ա։
-Եկեք թեմային վերադառնանք։ Դուք շարունակում եք պնդել, որ Լաչինը ադրբեջանցիները փակել են, քանի որ Հայաստանը չի՞ կատարում Ռուսաստանի՝ ԱՊՀ պետությանը միանալու պահանջը։
-Ես կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցք» պոկելու պահանջն է, որ փակել են։ Հայաստանի համար էդ միջանցքը կարմիր գիծ ա։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ էլ դա ասվեց։
-Ընդդիմությունը մեղարդում է իշխող ուժին՝ Արցախից հրաժարվելու մեջ։ Արդյո՞ք իշխանությունը բավարար ջանքեր գործադրում է Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։
-Իշխանությունը ամբողջ աշխարհին ասել ա, այդ մասին, աշխարհն էլ «հարձակվել» է Ադրբեջանի վրա։
-Ձեր թիմակիցները սլաքները ուղղում են միայն Ռուսաստանի վրա, նշելով, որ ՌԴ-ն պիտի հարցը լուծի, որովհետեւ Լաչինը իր վերահսկողության գոտին է։
-Այո, ճիշտ են ասում։ Ռուսաստանը մեզ խաբեց, ասեց՝ Լաչինից, Ակնայից, (Աղդամ), Քարվաճառից գնացեք, ես անվտանգությունը կվերցնեմ ինձ վրա, ես եմ պատասխանատու, բա ինչու՞ պատասխան չի տալիս, ինչիա՞ գցել մեզ։
-Վլադիմիր Պուտինը պատերազմի ժամանակ առաջարկեց հրադադար հաստատել՝ Շուշին թողնելով հայկական վերահոսկողության տակ, ինչու՞ Փաշինյանը չհամաձայնվեց։
-Մինչեւ նոյեմբերի 9-ը ինչ եղել, արդեն եղել ա։ Նոյեմբերի 9-ին կնքվել է համաձայնագիր, որտեղ սեւով սպիտակի վրա ռուսները գրել են՝ հայեր, դուք դուրս եկեք Քարվաճառից, Լաչինից, Աղդամից, տվել են՝ ստորագրել ենք։ Իրենք են ժողովրդի անվտանգության երաշխավոր կանգնել, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում։
-Նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիները մտան ՀՀ սուվերեն տարածք, զավթեցին Սեւ լճի կեսը, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածը, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ստրատեգիական նշանակության դիրքերը, կրկին Ռուսական կողմն է մեղավո՞ր։
-Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ։ Սեւ լիճը իրենք գրավեցին։
-Փաշինյանն էլ ասաց՝ «հո չենք պայքարելու Սեւ լճի 30 տոկոսի համար»։
-Բա ի՞նչ էիք ուզում։ Հո էդ 30 տոկոսի համար Հայաստանը չպիտի տանք իրենց։ Հիմա, եթե մի թեթեւ գործողություն անենք, կվերածվի լայնածավալ պատերազմի ու էդ ժամանակ քո Զանգեզուրն էլ կվերցնեն, Վարդենիսն էլ, Գորիսն ու Կապանն էլ։ Սահմանդ կդառա Սիսիանի զանգերը։ Ես կռված մարդ եմ, հասկանում եմ չէ՞։
-Չե՞ք ընդունում, որ ձեր իշխանության մեղավորությունն է, որ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին նման վիճակում։
-Մեր իշխանությունը մեղավոր է, որ եկավ իշխանության, եթե մնային Քոչարյանը, կամ Սերժը, էս խնդիրները չէին լինելու, որովհետեւ կմտնեինք միութենական պետության մեջ։ Սա է Ռուսաստանի ուզածը։ Հիմա Արցախի հարց չկա, կա Հայաստանի վերացման խնդիր, պիտի հասկանաք։