Mediahub.am-ը գրում է․

Հին Շենում  նորմալ է վիճակը, փորձում ենք ապրել այնպես, ինչպես նախկինում։ Պարենի խնդիր չունենք, երեկ դեղորայք, սնունդ, հաց բերեցին Գորիսից։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։

Հիշեցնենք նաև,  որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:

Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի։ 

Գյուղապետը վստահեցրեց, որ այս հարցն այդքան էլ հեշտ չի լուծվի։ «Մեկ-մեկ մտածում ենք, որ այս վիճակն ավելի լավ է, քան որ զիջումներով բացվի, վստահ եմ, որ առանց զիջումների դրանք ճանապարհը չեն բացի։ Չենք ուզում մի թիզ հող տանք, բա էս ամենը դրա համար է, որ առիթից օգտվեն, իրենց ուզածը ստանան։ Ամեն դեպքում մենք շատ շնորհակալ ենք այն մարդկանց, որ անհանգստանում են մեզ համար։ Սյունիքի տղաները մեզ շատ օգնեցին, այդ դժվար պահին նրանք մեր կողքին կանգնած են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել