Սիրելի ընկերներ, անընդհատ հարցնում եք՝ ի՞նչ կարող ենք անել Արցախի համար։ Քանի որ հարցնողները շատ են՝ կպատասխանեմ այսպես.
Նախկինում, երբ թշնամին Արցախում կրիտիկական իրավիճակներ էր ստեղծում, բոլորս մեկ մարդու նման լծվում էինք հումանիտար խնդիրները լուծող հանրային բազմազան ակցիաների՝ սննդի, դեղորայքի, վառելիքի, հագուստի հավաքագրում ու Արցախ տեղափոխում։
Այսօր մենք զրկված ենք նույնիսկ այս հնարավորությունից, քանի որ թշնամին ուղղակի արգելափակել է մուտքն Արցախ։ Մեր հարազատները արդեն 4 օր է ֆիզիկապես զրկված են ամբողջ աշխարհի, ու առաջնահերթ Մայր Հայաստանի հետ կենսական կապից։ Հազարավոր ընտանիքներ մնացել են թշնամու էկոահաբեկիչների ստեղծած արգելապատնեշի հակառակ կողմերում։ Բազմաթիվ երեխաներ զրկված են տուն վերադառնալու տարրական իրավունքից։ Իսկ օրեր առաջ ամբողջ Արցախը զրկվել է նաև գազամատակարարումից, ինչն արդեն առաջացրել է էլեկտրաէներգիայի սղություն։ Եվ այս ամենը ձմռան այս ցուրտ պայմաններում։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ
- ՄԱԿ-ից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից հասցեական հայտարարություններ ու գործնական քայլեր կատարելու պահանջ՝ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու վերահաս ողբերգությունը, այն է՝ Արցախի հայաթափումը։
- Հատկապես Twitter-ում, և առհասարակ բոլոր սոցցանցերում անընդհատ արթուն պահել այս թեման, քոմենթների տեսքով իրազեկել մեծ լսարաններով օգտատերերի, հայտնի գործիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների, պաշտոնյաների լսարաններին՝ տեղադրել պաշտոնական հաղորդագրությունների տեքստերը, հղումները, Արցախից ստացվող լուսանկարները։
- Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրների կառավարություններից պետք է պահանջեն գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ, խաղաղ անհնազանդության ակցիաներ պետք է կազմակերպվեն Ադրբեջանի դեսպանատների դիմաց՝ պահանջելով դադարեցնել արցախահայության հանդեպ իրագործվող ահաբեկչությունը։
- Պետք է չմոռանալ նաև ներքին լսարանի մասին․ բոլոր հնարավոր տարբերակներով իրազեկել մեր հայրենակիցներին Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին, որի պատճառը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումն է ու ձմռան սառնամանիքի պայմաններում գազամատակարարման անջատումը։
Ուժեղ լինենք, նախաձեռնող, համարձակ ու իրար սրտակից
Վճռական լինենք, որպեսզի Արցախում շրջափակված մեր քույրերին ու եղբայրներին գոտեպնդենք մեր կամքով, մեր սիրով ու ջերմացնենք՝ մեր սրտի կրակով
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0YXMS6GYH8rEamKGLnwCKWCe4aTXzcQeV9Fi2cqjuZ94H5YJFdKXEmmmXmDMvJzxwl&id=100010878035026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



