Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ Երկու կին պնդել են, որ իր մոտ աշխատելիս արտիստի կողմից սեռական ոտնձգության զոհ են դարձել։ Նրանք պնդում են, որ նրա շրջապատում տիրում էր սպառնալիքի, ճնշման և «բռնության նորմալացման» մթնոլորտ։

Իսպանական elDiario.es պարբերականի և ամերիկյան Univision հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրանքներն արդեն քննվում են իսպանական դատական համակարգի կողմից։

Այս մեղադրանքները վերաբերում են 2021 թվականի իրադարձություններին, որոնք, զոհերի խոսքով, տեղի են ունեցել երգչի Պունտա Կանայում (Դոմինիկյան Հանրապետություն) և Լայֆորդ Քեյում (Բահամյան կղզիներ) գտնվող բնակարաններում, որտեղ իրենք աշխատել են։

Խուլիո Իգլեսիասն այժմ 82 տարեկան է։ Երգիչը 1960-ական թվականներից ի վեր իսպանական փոփ երաժշտության ամենահայտնի դեմքերից մեկն է և ամբողջ աշխարհում վաճառել է տասնյակ միլիոնավոր ձայնագրություններ։ Լրագրողների խոսքով՝ ո՛չ երգիչը, ո՛չ էլ նրա փաստաբանը չեն արձագանքել մեկնաբանության բազմաթիվ հարցումներին մինչև հետաքննության հրապարակումը։ Սակայն Իգլեսիասի կարիբյան վիլլաներից մեկի մենեջերը մեղադրանքները որակել է «լիակատար անհեթեթություն»։

Կանանցից մեկը՝ տնային տնտեսուհի, որի անունը նյութերում փոխվել է Ռեբեկայի, ասել է, որ երգիչը երեկոյան պարբերաբար կանչել է իրեն իր սենյակ և դիպել է իրեն առանց իր համաձայնության։ «Նա ինձ օգտագործում էր գրեթե ամեն գիշեր։ Ես ինձ զգում էի որպես առարկա, ստրուկ», - ասել է նա։

Ռեբեկան, Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի է, որն այդ ժամանակ 22 տարեկան էր, նա պնդում է, որ Իգլեսիասը ստիպել է իրեն եռյակով զբաղվել սեռական գործողություններով մեկ այլ աշխատակցի հետ։ Նա պնդում է, որ Խուլիոն ապտակել է իր դեմքին և բռնել սեռական օրգանները։

Երկրորդ բողոքաբերը՝ Լաուրա անունով վենեսուելացի ֆիզիկական թերապևտ, ասել է, որ արտիստը համբուրել է իր շուրթերը և դիպել կրծքերին իր կամքին հակառակ։ Նա նաև, իբր, սպառնացել է աշխատանքից ազատել իրեն, հետևել է նրա սննդակարգին և հարցեր տվել նրա դաշտանային ցիկլի մասին։

«Նա անընդհատ ասում էր ինձ, որ ես գեր եմ և պետք է նիհարեմ», - ասել է Լաուրան՝ աշխատանքային միջավայրը նկարագրելով որպես «նորմալացված բռնություն»։

Չնայած նա հաճախ մերժում էր Խուլիոյի առաջարկները, նա ասել է, որ «կային աղջիկներ, որոնք չէին կարողանում մերժել, և նա անում էր այն, ինչ ուզում էր նրանց հետ»։

elDiario.es-ի և Univision-ի լրագրողները պնդում են, որ մեղադրանքները հիմնավորված են փաստաթղթերով՝ լուսանկարներ, նամակագրություն, հեռախոսային գրառումներ և բժշկական եզրակացություններ: Երգչի այլ նախկին աշխատակիցներ նույնպես նրա համար աշխատանքը բնութագրում են որպես չափազանց սթրեսային և վախեցնող:

Հունվարի 5-ին Ռեբեկան և Լաուրան պաշտոնական բողոք են ներկայացրել Իսպանիայի Ազգային դատարան, որը քննում է երկրից դուրս կատարված հանցագործությունները: Մեղադրանքները ներառում են սեռական ոտնձգություն և մարդկանց թրաֆիքինգ: Իգլեսիասի մտերիմ ընկերը՝ լրագրող Խայմե Պենյաֆիելը, մեղադրանքները անվանել է «բացարձակ ստեր»: Մեկ այլ կողմնակից՝ լրագրող Միգել Անխել Պաստորը, ասել է, որ երբեք նման բան չի լսել երգչի մասին:

Միևնույն ժամանակ, Իսպանիայի հավասարության նախարար Անա Ռեդոնդոն ընդգծել է, որ գործը պետք է հետաքննվի «մինչև վերջ»:

«Պոդեմոս» կուսակցության առաջնորդ Իոնե Բելարան կոչ է արել դադարեցնել «լռությունը» «փողով պաշտպանված հայտնիների» կողմից կատարված սեռական հանցագործությունների դեպքերում:

Մյուս կողմից, Մադրիդի տարածաշրջանային նախագահ Իզաբել Դիաս Այուսոն պաշտպանել է արտիստին՝ նշելով, որ իշխանությունները չեն մասնակցի «Իսպանիայի մեծագույն երգիչներից մեկին վարկաբեկելուն»:

Իգլեսիասի կենսագիր Իգնասիո Պեյրոն և Libros del Asteroide պարբերականը հայտարարել են, որ կթարմացնեն նրա կենսագրությունը՝ ներառելով այս մեղադրանքները և հայտնել են իրենց «աջակցությունն ու համերաշխությունը զոհերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել