ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Միրոսլավ Հացեկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին` որպես Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք իր առաքելության ընթացքում։ Նա նաև համոզմունք է հայտել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

«Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Քննարկվեց քաղաքական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել