Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ամբողջությամբ տապալվել է («ժողվարչապետն» ասում էր, որ ադրբեջանցիները մեր հանդեպ վատ են տրամադրվում, քանզի հայերն են վատ տրամադրված ադրբեջանցիների հանդեպ․ ըստ Նիկոլի՝ հերիք է փոխենք այս վիճակը և խաղաղությունը կգա, բայց հիմա նա բողոքում է, որ իր խաղաղասիրության դիմաց Ալիևը Երևանն է պահանջում)։
Փաշինյանը հրապարակավ խոստովանում է սեփական քաղաքականության բանկռոտ վիճակը։ Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և դրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հիմա լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ ենք՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլը, լինելով պատերազմի ու ավերածությունների մշտական աղբյուր, քվե էր մուրում «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած։
Մարդկանց մի մասը նոր պատերազմի վախի և 44–օրյայի շոկի ազդեցության տակ քվեարկեցին նոր պատերազմի, Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանի փլուզման օգտին։ Նրանք այդպես չէին ուզում, բայց այդպես է ստացվում (հատուկ նշեմ, որ մեղավորությունը միայն այդ մարդկանցը չէ)։
Հիմա ունենք մի վիճակ, երբ իշխանության առաջարկած գլխավոր կոդը փլուզվել է և պետությունը վերածվել է փոթորիկների մեջ հայտնված անղեկ ու անառագաստ նավի։ Նավապետ կոչվածը մտածում է բացառապես սեփական անվտանգության մասին ու նախապատրաստում է սեփական փախուստը նավից։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է այս պայմաններում լինելու Հայաստանի հետ։ Հատկապես երբ հակադիր դաշտում առաջնորդության, նոր հայեցակարգի առաջարկ դեռ չկա։
Այս վակուումը շատ վտանգավոր է մեր երկրի համար։ Եթե այն արագ լցվի, ապա մենք հնարավորություն կստանանք գնալ դեպի նոր հազարամյակներ։ Հակառակ դեպքում պետք է հաշվենք շաբաթները։ Կամ լավագույն դեպքում՝ ամիսները։
Փրկվելու առաջին նախապայմանը Հայաստանի նավապետին փոխելն է։ Նոր բանակցողը շանս, ժամանակ ու ռեսուրս կարող է տալ Հայաստանին։ Նիկոլով մեր շանսերը զրոյական են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/pfbid0juGKhJEn7poCpKUcdQ6KhWEpgXu9rkR66kovCcSXf1oimL34MBTfJRy7ZAMrrZ5Ll
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել