Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքում սահմանային վիճակը հանգիստ է այս օրերին, կրակոցներ, բարեբախտաբար, չկան: Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ չափագրումներ և գույքագրումներ են արվում՝ պարզելու՝ թե թշնամու ագրեսիայի հետևանքով բնակիչները նյութական ի՞նչ վնասներ են կրել, քանի՞ բնակարան ու քաղաքացիական օբյեկտ են վնասվել:

Այս պահի տվյալներով՝ Վերիշենում 4 տուն է վնասվել, 1 տուն՝ Ակներում, թշնամիները Գորիսի տարբեր բնակավայրերից նաև քաղաքացիներին պատկանող ձիեր ու մեքենաներ են հափշտակել, Իշխանասարից՝ 6060 մանր եղջերավոր անասուն և հովիվների 8 տնակ.

«Մեր հովիվները հիմնականում Իշխանասարի հատվածում են ոչխարներին արածացնում, երբ պատերազմական իրավիճակ է սկսվել, թշնամին ոչխարները տարել է, հովիվները տնակներում էին գիշերում, հիմա չկան դրանք»,-ասաց Յոլյանը:

Գորիսի փոխհամայնքապետը հայտնեց նաև, որ Գորիսի բնակավայրերից տարհանում չի կազմակերպվել, բնակիչները շարունակում են իրենց առօրյան՝ իրենց տներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել