Pastinfo.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց հետ կապվել ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր փոխանցած տեղեկություններն Ադրբեջանը դեռ չի հաստատել։ Իսկ քանի դեռ պահող կողմը, այսինքն՝ Ադրբեջանը չի հաստատել, որ տվյալ անձանց գերեվարել ու պահում է իր մոտ, սպասողական վիճակում ենք, կապ չկա իրենց հետ։ Իհարկե, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունների հետ կապի մեջ ենք։ Ունենք նաև տվյալներ, որոնք ստացել ենք ընտանիքների կողմից ՝ հարազատների հնարավոր գերեվարության վերաբերյալ։ Այդ տվյալների մասով ևս հաստատումների ենք սպասում»,-ասաց Ամատունին և հավելեց, որ հաստատումները ստանալուն պես կտեղեկացնեն ընտանիքներին։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Անվտանգության խորհուրդը հաղորդագրություն էր տարածել՝ ըստ որի վերջին ագրեսիայի ընթացքում ադրբեջանցիները գերեվարել են առնվազն 20 հայ զինծառայողի։

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ վիրավոր գերեւարված երկու հայ զինծառայող Բաքվում սպանվել է, որոնց դիերը եղել են սեպտեմբերի 17-ին Բաքվի կողմից Հայաստանին հանձնված 32 հայորդիների մարմինների թվում։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել