Azatutyun.am-ը գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է վերջին երեք օրերին զոհված ևս 6 զինծառայողի անուն, այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։
Մինչ նախագահ Ալիևը սոցիալական ցանցերով հայտարարում է, թե նրանք ընկել են հանուն հայրենիքի անվտանգության, ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է բանակը մի քանի ժամում այդքան զոհ ու կորուստներ ունեցել՝ որևէ բան ձեռք չբերելով:
«Բանակը պետք է զինված լինի ժամանակակից զինտեխնիկայով ու պաշտպանական միջոցներով, զինվորները պետք է լավ պատրաստություն անցնեն, ինչպես նաև անհրաժեշտ է պրոֆեսիոնալ զինվորականների պատրաստել մարտական գործողություններին մասնակցելու համար»,- նախօրեին Ֆեյսբուքում գրել է ադրբեջանական ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլին։
Ընդդիմադիր գործիչն ընդգծում է՝ զոհված 50 զինվորներից 29-ը սպաներ էին, հետևաբար տարակուսելի է, թե ինչպես են ռազմական լուրջ պատրասվածություն անցած ադրբեջանցի զինվորները սպանվել ֆինանսական ու տեխնիկական շատ ավելի քիչ հնարավորություններ ունեցող հակառակորդի կողմից։
Այս քննադատությունները ավելի են թեժացել, երբ վերջին մարտերում զոհված 25-ամյա Սաբուհի Ահմեդովի եղբայրը հայտարարել է, որ նա իրականում կաշառք տալով էր հայտնվել հատուկ նշանակության ջոկատում՝ Կոմանդոում: Սանան Ահմեդովը պնդել է, թե եղբայրը 6000 մանաթ՝ շուրջ 3500 դոլար է վճարել այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելու համար: Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Գլխավոր դատախազությունը երիտասարդին հրավիրել էին՝ իբր կատարվածի հանգամանքները պարզելու։ Քննիչների հետ հանդիպումներից հետո՝ արդեն այսօր, Ահմեդովը հերքել է իր իսկ խոսքերը բանակում տարածված կաշառակերության վերաբերյալ:
«Ես ուզում եմ խոսել սոցցանցերում հայտնված լուրերի մասին: Ես պարզել եմ, որ այդ գումարը ընտանեկան հարցերի համար է ծախսվել և ոչ մի կապ չունի եղբորս ծառայության հետ: Շնորհակալ եմ ուշադրության համար, բայց եկեք չբարձրացնենք այդ հարցը, դա շատ ցավոտ թեմա է մեր ընտանիքի համար», - գրել է նա:
Ադրբեջաական անկախ լրատվամիջոցները պարզել էին, որ Սաբուհին և Սանան եղբայրները մանկատանն էին մեծացել, ողջ կյանքն ապրել անապահովության մեջ։ Զոհված 25-ամյա Սանանը հատուկ նշանակության ջոկատում ներգրավվելու դիմաց պահանջվող 6000 մանաթը վարկով էր վերցրել բանկից:
Արդյոք արդարացվա՞ծ էր այդ ռազմական էսկալացիան, որը միայն երկու օրում հանգեցրեց յոթ տասնյակից ավելի զոհերի, հարց են բարձրացնում ադրբեջանցի ընդդիմադիրները: Եթե 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց մեծ մասը աջակցում էր նախագահ Ալիևին, ապա այսօր ընդդիմության մի մասը կասկածի տակ է դնում իշխանությունների իրական նպատակները:
«Ես դեմ եմ պատերազմին: Այսօր պատերազմը ծառայում է ոչ թե ադրբեջանցի ժողովրդի, այլ մի խումբ մարդկանց` որպես կանոն ավտորիտար ռեժիմի շահերին»,- սահմանային բախումներից մեկ օր անց Ֆեյսբուքում գրել է ընդդիմադիր գործիչ Ազեր Գասիմլին: