Պետության և անձի դեմ գործած, ինչպես նաև հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները պատասխանատվության այն տեսակներն են, որոնք սպառնում են ՀՀ ԱԺ “քաղաքացիական պայմանագիր” խմբակցության, ինչպես նաև 2020-22թթ. ՀՀ-ում քաղաքական և հայեցողական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած որոշ խմբի անձանց: Հետևաբար, իշխանությունը պահելու համար կռիվ են տալու մինչև վերջ: Այդ պայքարում նրանք չեն խնայելու ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա քաղաքացիներին, ո՛չ էլ ուժային կառույցներին: Քանի դեռ իշխանություն ունեն, ամեն ինչ անելու են, ծանր հանցագործությունների պատասխանատվության ժամը հեռացնելու համար: Թե չէ “ժողովրդի մանդատ”, “ժողովուրդն ա ընտրել”, “քաղաքացու կամք”, “երկիր”, “պետություն”, “խաղաղություն” և իրենց այլ լոլոները զուտ իշխանությունից զրկվելու վախից ծնված բնազդային մանիպուլյացիաներ են: Նրանցից շատերը, իշխանությունը պահելու մոլուցքից ելնելով, այնքան մարդու հետ են թշնամացել ու շատ լավ գիտակցում են, որ մարդկայնորեն իրենց այնքան վատ են պահել, որ բարեգթության տեղ անգամ չեն թողել: Հետևաբար՝ ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի համար իշխանությունը դարձել է կենաց խնդիր:
Պատկերացրեք իշխանությունից զրկվելուց հետո, նրանցից նույնիսկ ամենաանմեղները ինչպե՞ս են քայլելու փողոցներով, ինչպե՞ս են որևէ հիմնարկում գնալու աշխատանքի, ինչպե՞ս են բիզնեսով զբաղվելու, դասախոսություն կարդալու և այլն: Միայն հասարակության բարոյական ճնշումը և հանրայնորեն բացահայտված ճշմարտությունները բավարար են լինելու, որպեսզի ՔՊ-ական նախկին պաշտոնյաները տևական ժամանակ ինքնամեկուսացվեն:
Պատահական չէ, որ այսօր կոչ են անում ընդդիմադիր քաղաքացիներին առանց զենքի ուղարկեն պատերազմ, շարունակ վախեցնում են ԱԱԾ-ով, պառլամենտում հիստերիա են բարձրացնում, ուրախանում են, որ ոստիկանները ծեծում են միտինգավոր քաղաքացիներին և այլն: Ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը մտքում անիծում են այն օրը, երբ դժբախտություն ունեցան մտնել Նիկոլի թիմ: Իսկ Նիկոլն անխնա օգտագործում է նրանց և խոսքը մեր մեջ՝ շատ էլ ճիշտ է անում:
Իշխանափոխություն մի օր լինելու է, դա անխուսափելի է: Իսկ ՔՊ-ականներից շատերը երիտասարդ տարիքում են և դեռ շատ անելիքներ ունեն իրենց կյանքում: Նրանք իհարկե չեն ցանկանա, որ այդ տխուր հեռանկարն իրենց սպառնա: Վստահ եմ նաև, որ իշխանափոխության հաջորդ օրվանից սկսած, նրանցից շատերը բազմաթիվ հանցանքների կենդանի և կամավոր վկաներն են դառնալու՝ հանուն իրենց նկատմամբ վերաբերմունքի ինչ-որ չափով մեղմացման: Նիկոլն էլ լավ գիտի, որ շրջապատված է պատեհապաշտներով, ուստի նրանց նկտմամբ կիրառում է շանտաժի և հասարակության աչքերում մինչև վերջ փչացնելու սխեման:
Բայց սա լավ տեղ չի տանելու: Իշխանափոխության նպատակը հասարակությունը կոնսոլիդացնելն ու երկիրն այս վիճակից դուրս բերելն է, ոչ թե նոր հաշվեհարդարների հնարավորություն ստեղծելը: Անշուշտ պետության համար տգետ և դավադիր որոշումներ կայացնողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն, սակայն Արցախն ու Հայաստանը կործանելու պատճառ հանդիսացող հասարակական ցասումը չպետք է տարածվի բոլորի վրա և տարերային բնույթ ստանա: Այլապես կհայտնվենք նոր քաոսի մեջ, որը նույնքան վտանգավոր է, որքան ներկայիս իրավիճակն է:
“Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության ու գործադիր իշխանության քիչ թե շատ պարկեշտ, գիտակից և սրտացավ մարդիկ, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է վստահ լինեն, որ նիկոլիզմի հեռացումը իրենց անձնական, մասնագիտական և ծառայողական գործունեությանը ոչնչով չի սպառնալու: Դա բխում է պետության կայուն զարգացման և ճգնաժամերը հաղթահարելու անհրաժեշտությունից:
Որքան էլ, որ չարացած լինեմ Արցախի մեծ մասի կորստով, Հայաստանի կործանման վտանգներով ու հազարավոր զոհված հայրենակիցների վշտով, միևնույն է՝ սա իմ անձնական համոզմունքն է: Իսկ Նիկոլից պետք է օր առաջ ազատվել՝ անկախ նրանից նրա տերերը ցանկանո՞ւմ են ազատման դիմումը մակագրել, թե ոչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0guHbMvMHdhy7Qq7fPDBgCWHh6nmMatixQQJCsBmuRVxhMhAmsgQNA4xUuZUcf7ebl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել