ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։
Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում   քննվել է ընդհանուր 190.185 քրեական վարույթ, որը 2023թ նույն ժամանակահատվածի համեմատ (166.032 քրեական վարույթ) ավելի է 346%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախկին տարիներին քննված՝ վարույթը կասեցված քրեական գործերի վերսկսմամբ, որոնք, անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողությունները կատարվելուց հետո, պասիվացվում են՝ փոխանցվելով հաջորդ տարվան։
Առանց պասիվացված վարույթների` 2024թ առաջին ինը ամիսներին ՀՀ ՔԿ-ում  քննվել է  69.830 քրեական վարույթ, որոնց շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8163 անձի նկատմամբ, այն դեպքում,  երբ 2023թ նույն ժամանակահատվածում քննված 72.376 քրեական վարույթի պայմաններում քրեական հետապնդում է հարուցվել 5245 անձի նկատմամբ։
Այսինքն՝ եթե 2024թ տվյալներով քննված քրեական վարույթների համեմատությամբ հարուցված քրեական հետապնդումների հարաբերակցությունը կազմել է 117%, ապա 2023թ ընթացքում՝  7,2%, ինչը վկայում է 2024թ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ քննված քրեական վարույթների պայմաններում հանրային քրեական հետապնդումների ավելի քան 4 տոկոսային կետով աճի մասին։ Վերջինս իր հերթին հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավելացել է քննված միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քրեական վարույթների քանակը։
2024թ ինն ամիսների ընթացքում հարուցված 8163 քրեական հետապնդումների պայմաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 2544 միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2048-ը՝ բավարարվել է ամբողջությամբ։ Այսինքն կալանքի միջնորդությունները կազմում են քրեական հետապնդման ենթարկված անձանց 311%-ը, բավարարված միջնորդությունները՝ 25 %-ը։
Իսկ 2023թ ինն ամիսների ընթացքում հարուցված 5245 քրեական հետապնդումների պայմաններում դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1951 միջնորդություն, որից բավարարվել է 1641-ը։ Այսինքն՝ այդ ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները կազմել են քրեական հետապնդման ենթարկված անձանց 372%-ը, իսկ բավարարված միջնորդությունները՝ 313%-ը։
Համեմատությունը փաստում է, որ քրեական հետապնդումների հետ համադրության մեջ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն իրականում նվազել են շուրջ 6, իսկ բավարարված միջնորդությունների քանակը՝ շուրջ 7 տոկոսային կետով։ Այս պայմաններում օրինաչափորեն ավելացել են կիրառված այլ խափանման միջոցները։
Մասնավորապես՝ 2023թ 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով դատարան է ներկայացվել խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին 126 միջնորդություն, որից 101-ը բավարարվել է, իսկ 25-ը՝ մերժվել: 84 դեպքում էլ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում: Այսինքն՝ անձանց նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու դեպքերը (185) կազմել են նույն ժամանակահատվածում հարուցված քրեական հետապնդումների 3,5 %-ը։
Մինչդեռ 2024թ ինն ամիսներին 161 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին, որից 139-ը բավարարվել է, իսկ 22-ը՝ մերժվել: 274 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից:
Զուտ բացարձակ թվերով փաստացի 2024թ տնային կալանք խափանման միջոցների կիրառման (թվով 413) դեպքերը, որոնք կազմում են նույն ժամանակահատվածում հարուցված հանրային քրեական հետապնդումների 5%-ը, 2023թ նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,2 անգամ։    
Գրեթե նույն պատկերն է նաև մյուս խափանման միջոցների պարագայում։
Այսպես՝ 2023թ արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 26, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 20 և «գրավ»-ի 107 դեպք (ընդհանուր՝ 153, ինչը հարուցված հանրային քրեական հետապնդումների 2,9%-ն է:
Մինչդեռ 2024թ նույն ժամանակահատվածում արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 35, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 32 և «գրավ»-ի 150 դեպք (ընդհանուր՝ 317), ինչը, կազմելով քրեական հետապնդումների 38 տոկոսը, 2023թ համեմատ ավելի է կրկնակի։
Ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից շարունակվել է խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի բարելավման գործընթացը։
Խափանման միջոցների ընտրության խնդիրը մշտապես պայմանավորվում է բազմաթիվ գործոնների և առաջին հերթին ըստ ծանրության աստիճանների՝ հանցագործությունների քանակական դինամիկայի գործոնով։
Ուստի՝ զուտ բացարձակ թվերով, առանց կրիմինոլոգիական այլ կարևոր գործոններ հաշվի առնելու, խափանման միջոց կալանքի քանակական աճի մասին արվող պարզ համեմատություններն ու դրանցից բխեցվող դատողությունները չեն կարող իրական և համոզիչ հիմքեր ունենալ։    
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել