Azatutyun.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել, «Ազատության» խնդրանքով, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին։

Բաքուն կոշտ արձագանքեց. «Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է», ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ, ի պատասխան Բաքվի, այսօր հայտարարել է՝ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել