Մաս 3.
Իշխող քաղաքական ուժի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու հաղթանակը Հայաստանում 2021թ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ նյութականացրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի և հայ ժողովրդի պարտությունների շղթան։
Եթե նախքան ընտրությունները տեղի ունեցած ձախողումները և նորանոր կորուստները հնարավոր էր բացատրել հետպատերազմական շոկի և պարտության իներցիայուվ ու կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը, ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքը ոչ միայն փակեց այդ հնարավորությունը, այլ ավելի մեծ զիջումների հիմքեր ստեղծեց։ Դա առաջին հերթին զգացվեց բանակցային գործընթացի վրա։
Եթե Փաշինյանը չվերարտադրվեր 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հնարավոր կլիներ՝
➢ Հրաժարվել պատերազմից հետո և ընտրություններից առաջ Փաշինյանի տված բոլոր բանավոր խոստումներից և պայմանավորվածություններից։
➢ Կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի նախկինում կայացրած որոշումների կամ առնվազն դրանց մի մասի լեգիտիմությունը, փորձել դրանց վերանայման համար իրավա-քաղաքական հիմքեր ստեղծել։
➢ Ադրբեջանի հետ հետագա բոլոր բանակցությունների համար որպես նախապայման բարձրացնել բոլոր ռազմագերիների վերադարձի և մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիների դուրսբերման հարցերը։
➢ Հրաժարվել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հապճեպ գործընթացից, այն թողնել հետագային, երբ ՀՀ կարողություններն ու միջազգային իրադրությունը մեզ համար ավելի նպաստավոր կլինեին։
➢ Արցախի հետագա ճակատագրի, ՀՀ և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության շուրջ բոլոր բանակցությունները վարել բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով։
➢ Հստակեցնել բոլոր միջնորդների և առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները Մադրիդյան սկզբունքների՝ այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ, պաշտոնական հարցումներ ուղարկել համանախագահներին։
➢ Վերահաստատել ՀՀ հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում նախկին 30 տարիների բանակցային ժառանգությանը, այդ թվում Մադրիդյան սկզբունքներին։
➢ Կրկին միջազգային հարաբերությունների օրակարգ բերել Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի խախտումը, պատերազմական հանցագործությունները, վարձկանների ներգրավումը և այլն։
➢ Կասեցնել Թուրքիայի հետ բոլոր բանակցությունները և հրաժարվել վերջինիս բոլոր նախապայմաններից՝ պնդելով, որ սահմանը միակողմանիորեն փակած Թուրքիան ինքը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի, ինչպես նաև հաշվետու լինի 44-օրյա պատերազմի ժամանակ իր ապակառուցողական վարքագծի համար։
➢ Օգտվելով 44-օրյա պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության և ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ ցեղասպանության ճանաչման և դատապարտման նոր միջազգային ալիք նախաձեռնել՝ առնվազն ԱՄՆ-ից մեծ կախվածություն ունեցող երկրների շրջանում, ինչը հնարավորություն կտար Թուրքիայի հետ հետագա բանակցություններում լրացուցիչ ճնշման լծակներ ստանալ։
➢ Պատշաճ եղանակով և համապատասխան հոդվածի հիման վրա դիմել ՀԱՊԿ-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներին դուրս բերելու խնդրանքով, կամ երկկողմ պայմանագրերի շրջանակներում այդ հարցով դիմել ՌԴ-ին՝ միաժամանակ ցուցաբերելով սեփական տարածքը ընդհուպ ուժային մեթոդներով պաշտպանելու վճռականություն։
➢ Ճանապարհների ապաշրջափակման և տրանսպորտային միջանցքների շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում հրաժարվել վերջիններիս պանթուրքական ծրագրերին համապատասխանող՝ հարավային կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծերից, առաջարկել ՀՀ համար ավելի ձեռնտու՝ հյուսիսային նախագծերը, կամ առնվազն աշխատանքների իրականացումը միաժամանակ հարավային և հյուսիսային ուղղություններով։
➢ Հրաժարվել «անկլավների» և Ադրբեջանին նոր տարածքներ զիջելու վերաբերյալ Փաշինյանի ու նրա թիմակիցների բոլոր նախկին հայտարարություններից։
➢ Ամբողջ պետական ռեսուրսն ուղղել Սահմանների արագ վերականգնմանը, ԶՈՒ սպառազինության, թվակազմի և բարոյա-հոգեբանական վիճակի վերականգնմանը։
➢ Հրաժարվել ԶՈՒ թվակազմի կրճատման, Արցախի ՊԲ փաստացի լուծարման նախկինում կայացված աղետալի որոշումներից։
➢ Հաշվի առնելով Շուշիի հռչակագիրը և թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր մակարդակի հաստատումը, փորձել դրան հակակշռել՝ հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելով, այլ ոչ թե ՌԴ հետ երկակի խաղի արդյունքում նպաստել Ադրբեջանի և ՌԴ միջև հարաբերությունների բարձրացմանը դաշնակցային մակարդակի։
➢ Հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ցանկացած ձևաչափից, որը միաժամանակ չի ենթադրելու Արցախի հիմնախնդրի համապարփակ կարգավորում։
➢ Խուսափել կամ արժանի հակահարված տալ նոյեմբերին տեղի ունեցած նոր ադրբեջանական ագրեսիային, թույլ չտալ, որ Ադրբեջանը նոր դիրքեր ու գերինսր վերցնի ՀՀ ինքնիշխան տարածքից։
➢ Առհասարակ չխոսել Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին, չշեղվել 30-ամյա բանակցային օրակարգից և Արցախի ժողովրդի ինքնորոշման հստակ իրավունքը չփոխարինել անհասկանալի «իրավունքներ և կարգավիճակ» ձևակերպումներով։
➢ Բանակցային օրակարգում վերականգնել Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցը, առնվազն դրա մասին բարձրաձայնել բոլոր միջազգային հանդիպումներում և Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ
➢ Կանխել Արցախում նոր հումանիտար ճգնաժամերը, այդ թվում հստակեցնելով Լաչինի միջանցքով անցնող այլ կոմունիկացիաների՝ գազի խողովակ, ինտերնետի, էլեկտարականության ենթակառուցվածքներ և այլն, ուղեգծերն ու դրանց անվտանգության հարցերը։
➢ Կանխել Լաչինի միջանցքի նոր ճանապարհի կառուցումը այնպիսի կոորդինատներով, որոնք շրջանցելու էին Բերձոր քաղաքն ու այլ կարևոր բնակավայրեր։
➢ Վերականգնել ներհայաստանյան և համահայկական համերաշխությունը, թուրք-ադրբեջանական սպառնալիքին կրկին դիմակայել համազգային ճակատով։
➢ Փորձել հստակեցնել ռուս խաղաղապահների մանդատը և մշակել ճանապարհային քարտեզ մի քանի տարի հետո բոլոր հնարավոր սցենարների համար։
Ինչպես տեսնում ենք վերը թվարկվածներից, նույնիսկ 2021թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե տեղի ունենար իշխանափոխություն, դեռ կարող էր ստեղծվել հնարավորություն՝ որոշակիորեն վերականգնելու հայկական կողմի դիրքերը, թեև մեկնարկային պայմանները շատ ավելի վատն էին, քան 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո․
- Հայկական կողմն արդեն իրականացրել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները
- Արցախում հանձնվել էին լրացուցիչ տարածքներ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված
- Ադրբեջանի վերահսկողության տակ էր գտնվում Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը
- Ադրբեջանական զորքերն արդեն գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում
- ՀՀ Իշխանություններն արդեն համաձայնություն էին տվել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացներին
- Ադրբեջանին էին հանձնվել Արցախի ականապատման քարտեզների մեծ մասը
- Ադրբեջանին էին հանձնվել առաջին արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցիների դիեր
- ՀՀ-ը պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով կասկածի տակ էր դրել Շուշիի և Արցախի այլ օկուպացված տարածքների հայկականությունը
- Վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օրակարգ էր մտցվել «անկլավների» հարցը
- Ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցերով
Այսինքն, պարտված իշխանության պաշտոնավարման երկարաձգումը՝ յուրաքանչյուր ակտիվ ներքաղաքական շրջափուլից հետո, ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև հանգեցում է նոր խնդիրների առաջացմանը։
2020թ-ի նոյեմբերի 9-ին հնարավոր նոր իշխանությունների համար մեկնարկային պայմանները բոլորովին այլ էին, իսկ 2021թ-ի հունիսի 21-ին՝ դրանք շատ ավելի վատն էին։
Վերոհիշյալ փաստերի արձանագրումը թույլ է տալիս քիչ թե շատ ռացիոնալ պատկերացում կազմել «Ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցի հավանական պատասխանի վերաբերյալ, նաև պնդել, որ առնվազն հնարավոր կլիներ կանգնեցնել փլուզումների շղթան, բարեկամներին, թշնամիներին ու միջազգային հանրությանը ներկայանալ նոր՝ պարտության հետ չասոցացվող դեմքով։
Շարունակելի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել