ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ներքին գործերի նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում  երկրի իրավապահ համակարգի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին ասաց «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Ներքին գործերի նախարարության ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար: Այն կոնցեպտը, որը ներկայացվելու է, լիովին նոր նախարարության, լիովին նոր հայեցակարգի մոտեցում է, որտեղ Ոստիկանությունն ուղղակի չի անվանափոխվում և դառնում Ներքին գործերի նախարարություն: Ոստիկանությունն, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց Ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարևոր մասը քաղաքական կառավարման կառույցի, որը լինելու է Ներքին գործերի նախարարությունը»,-ասաց Անդրեասյանը:

Նա նախարարության ստեղծման գործընթացի ձգձգումը հիմնավորում է նրանով, որ հսկայական աշխատանք է կատարվել ամենաօպտիմալ լուծումը գտնելու համար: Նախարարը վստահեցնում է՝ այդ ձգձգումը չի ուշացնի այն երազանքներն ու ցանկությունները, որ դրել են այս հայեցակարգի հիմքում:

«Չի ուշացնի, որովհետև մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք  լավագույն և ամենաարագ լուծումը, մենք զրոյից չենք ստեղծելու նախարարություն, վերցնելու ենք ԱԻՆ-ի հենքը: Եվ այս ամիսների աշխատանքի գաղտնիքը նաև այն էր, որ այնպիսի մի մոդել առաջարկենք, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, զրոյից չհավաքի մի նոր կառույց, այլ Ոստիկանության արդեն մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և կարողանանք միասին ստեղծել մի նոր կառույց»,-ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով միջազգային փորձագետներին, ԱՄՆ, ԵՄ գործընկերներին:

Նա պարզաբանեց՝ սա Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ներքին գործերի նախարարություն դարձնելու նախագիծ էլ չէ:  «Այս դեպքում էլ մենք շատ կարևոր համակցություն պետք է անենք՝  փրկարար ծառայության, ոստիկանության  և մյուս մեր բոլոր կարևոր ծառայությունների: Եվ այդ իմաստով ՆԳՆ կառուցվածքը լինելու է շատ հարուստ, իրար հետ կարևոր կապերով միաթելված, բայց միևնույն ժամանակ տրամաբանորեն խնայելու է հսկայական ռեսուրսներ»,-նշեց Անդրեասյանը:

Նախարարությունը նախատեսում է տասնօրյա ժամկետում առաջարկների հիման վրա կատարել օրենսդրական փաթեթի լրամշակում: Նախարարը հուսով է, որ սեպտեմբերին ԱԺ-ն կքվեարկի և հավանություն կտա փաթեթին:

Խորհրդարանում մեկնարկած լսումներին մասնակցում են նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել