Մինչ թուրք որոշ գործիչներ ու մասնագետներ այդ երկրում քաղաքացիական պատերազմի բռնկման հստակ նախանշաններ ու պարարտ հող են նշմարում՝ դրա հավանականությունը համարելով 100%-անոց, Էրդողանի կառավարությունը շարունակում է ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել՝ այս անգամ արդեն քարը ռուսների բոստանը գցելով:

Մասնավորապես՝ Չավուշօղլուն, հստակորեն շանտաժի ենթարկելով Ռուսաստանին, հայտարարել է, թե չի կարծում, որ Մոսկվան կխանգարի Սիրիայում թուրքական ծրագրերին: «Չեմ կարծում, որ Ռուսաստանը խոչընդոտի։ Ռուսաստանի հետ մենք մի շարք հարցերի վերաբերյալ տարաձայնություններ ունենք, այդ թվում` Ուկրաինայում ընթացող գործողությունների, Ղրիմի չճանաչման և այլն։ Բայց մենք տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունենք»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ Ռուսաստանին մեղադրելով խոստումը չկատարելու համար. Թուրքիան անձամբ կլուծի իր խնդիրները:

Փորձագիտական շրջանակներն ընդգծում են, որ առաջիկայում կարող ենք ականատես դառնալ Թուրքիայի արևմտմետ քաղաքականությանը, որի առաջին ծիլերն ի հայտ եկան Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ կապված պատմությամբ:

Տվյալ պարագայում չավուշօղլուն արձագանքել է ՌԴ-ից Թուրքիային հղվող բացասական ազդակներին՝ հստակորեն սպառնալով վերանայել սեփական դիրքորշումն՝ ուկրաինական թնջուկի հանդեպ: Չավուշօղլուն, ըստ էության, սպառնում է Ուկրաինայում հանդես գալ ՌԴ դեմ ռազմականապես, ինչպես նաև դիվանագիտական ասպարեզում նույնպես դադարել չեզոք դիրք գրավել:

Մյուս կողմից՝ ուշագրավ է Չավուշօղլուի կողմից բերված պատրվակը՝ խոստումները չկատարելու մասին: Բանն այն է, որ որոշ խոստումներ էլ, ըստ էության, տրվել են Կովկասում՝ ասենք ճանապարհների ապաշրջափակման հարցում, որը թուրքական կողմը «Զանգեզուրի միջանցք» է անվանում՝ պատեհ-անպատեհ առիթով խոսելով դրա՝ իր համար ունեցած մեծ կարևորության մասին, որ ուղերձ է՝ հենց Մոսկվային, քան՝ մեզ:

Կա՞ վտանգ, որ Թուրքիայի սիրիական վարքագիծը կկրկնվի նաև Կովկասում՝ նկատի ունենալով այդպես էլ չբացվող «Զանգեզուրի միջանցքն» ու արդբեջանական լկտի հռետորաբանությունը, որի հետևում կանգնած է Անկարան: Անկարան կարող է «Զանգեզուրի միջանցքն» անձամբ բացելու նպատակով Ադրբեջանի ձեռքերով այստեղ պատերազմ հրահրել, իսկ հարկ եղած դեպքում էլ մասնակցել ռազմական գործողություններում՝ Մոսկվայի դրժած խոստման հիմքով: Թուրքիան լկտիացել է, ուստի Մոկսվային մնում է կա՛մ դառնալ Անկարայի կամակատարը, կա՛մ դիմակայել բոլոր հնարավոր միջոցներով: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ ՌԴ զինանոցն այժմ աղքատիկ է՝ պայմանավորված ուկրաինական դեպքերով, ուստի մեծ է հավանականությունը, որ թուրքական ծրագրերին Մոսկվան բացահայտորեն չի հակադարձելու՝ գուցե փորձելով երրորդ կողմի միջոցով վիժեցել դրանց իրագործումը: Տվյալ պարագայում երրորդ կողմն Անդրկովկասում կարող է դառնալ Իրանը, ուր և գտնվում է Բայրամով Ջեյհունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել