Արուսի թուրքական քարոզը


ՔՊ-ից Ջուլհակյան Արուսը, փորձելով բացատրել կամ հիմնավորել Նիկոլի՝ նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին հայտնի թեզը, կասկածի տակ է դրել Հայաստանի հետագա գոյությունն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի «առավելապաշտական» սկզբունքով առաջնորդվել: «30 տարի պահանջել ենք և չենք ստացել և մոտակա 200 տարում կաղող ենք պահանջել և չստանալ, եթե, իհարկե, 200 տարի կարողանանք գոյատևել այս պայմաններում մեր առավելապաշտական մոտեցումների պարագայում»,-մասնավորապես՝ հայտարարել է Արուսը:

Արուսը, խեղաթյուրելով արցախյան հարցի էությունը, մի չափազանց վտանգավոր թեզ է առաջ քաշում՝ զուտ թուրքական թեզ. Անկարան էլ հայերին առաջարկում է լինել իրատես, ճանաչել Կարսի պայմանագիրը, հրաժարվել Ցեղասպանության թեմայից, Ադրբեջանին տալ Ալիևի սրտի ուզածն ու վերջապես հանգիստ շունչ քաշել: Այսպիսով՝ Արուսը զուտ թուրքական քարոզ է տանում՝ տարածաշրջանում առկա ոչ բարեկամական մթնոլորտը պայմանավորելով հայերի «առավելապաշտությամբ»: Իսկ որպես այդպիսին Արուսն, ըստ էության, նկատի ունի ոչ միայն Արցախի համար Հայաստանի տասնամյակների պայքարն, այլև Հայկական հարցն՝ ընդհանրապես. Արցախի խնդիրն այդ հարցի մի էլեմենտն է միայն:

Ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ բացի սպառնալիքներից ու հոխորտանքներից, թշնամական քարոզչությունը, որի կրողներն են ՔՊ-ակաները, հայերին ներշնչում է, մի կողմից, վախի ու թերարժեքության զգացողություն, մյուս կողմից՝ խոստանում պայծառ ապագա այն դեպքում, եթե հայերը դադարեն պայքարել: Այսինքն՝ Արուսի տրամաբանությամբ՝ թուրքերը կարող են ու իրավունք ունեն պայքարել իրենց շահերի համար, իսկ հայերը, որ իբր տկար են, պետք է բավարարվեն ասենք Ադրբեջանում ազգային փոքրամասնություն համարվելով:

Ի գիտություն Արուսի ու նրա քարոզչության տակ մնացածների՝ Ադրբեջանը չի հայտարարում Արցախի խնդրի լուծմամբ ՀՀ-ի հետ նոր դարաշրջան բացելու պատրաստակամության մասին, և ասվածի ապացույցը Ալիևի հոխորտանքներն են Զանգեզուրի, Էրիվանի, Գյոյչայի մասին: Ասինքն՝ տվյալ պարագայում առավելապաշտություն են դրսևորում ոչ թե հայերն, այլ ադրբեջանցիները՝ տեսնելով արուսների մտահորիզոնի խայտառակ բացվածքը:

Այս պայմաններում ոչ թե պետք է երազել թուրքի գրկում խաղաղ կյանքի մասին, այլ բռնել Սպարտայի ուղին, քանզի թուրքական կոնցեպտը չի ենթադրում ոչ միայն տարածաշրջանում հայկական պետականության, այլև ահասարակ հայկական տարրի գոյություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել