Նա բարձրահասակ էր, կապուտաչյա ու հսկա, ասես Տորք Անգեղը լիներ:
Որպեսզի ընթերցողիս պարզ լինի նրա արտաքինը, ասեմ, որ Նարգիզը 47-48 համարի կոշիկ էր հագնում, որը միայն պատվերով էր կարել տալիս: Նա շատ ագրեսիվ էր, ու ոչ մի հարևան նրա հետ հարևանություն չէր անում, այսպես ասած ոչ ոք նրա հավին իրավունք չուներ «քշա՜» ասելու: Տունը ինքն էր ղեկավարում, իսկ ամուսինն ու տղաները հլու, հնազանդ ենթարկվում էին: Նա ամեն բան փակի տակ էր պահում. անգամ հացը:
Չչափազանցնելու համար ասեմ. միակ բանը, որ Նարգիզի վերահսկողությունից դուրս էր, դա այն էր, որ նրանց թույլատրում էր ազատ շնչել: Այս էր միայն նրանց ազատությունը:
Սոված տարիներ էին, պատերազմից հետո: Նարգիզն ամեն ինչ անում էր ընտանիքը սովից փրկելու համար: Գնում էր Գյումրու հեռավոր գյուղեր, ապրանքափոխանակություն էր անում: Մի օր էլ գլուխը մի միտք ծագեց, որը մենակ չէր կարող կյանքի կոչել:
Ամուսնու՝ Թադոսի հետ խորհրդակցեց, ավելի ճիշտ ասաց.
- Գիշերը գնանք գերեզմանոցից տապանաքար բերենք, ես արդեն խոսել եմ, լավ գնով ուզող կա, փողով գործ է...
Թադոսը շատ համոզեց, բայց Նարգիզը մի բան որ գլուխը գցում էր, նրան հետ կանգնեցնելը հեշտ չէր: Մյուս օրը գիշերը, երբ ձեռ - ոտքը քաշվեց Թադոսի հետ (Թադոսի ճարն ի՞նչ, ենթակա անձ էր) Նարգիզը ուղևորվեց դեպի գերեզմանատուն: Նա ցերեկով արդեն ուսումնասիրել էր ու նշանել, թե որ տապանաքարն է տանելու: Թադոսը սրտի խորքում համաձայն չէր, մեղք էր համարում Նարգիզի բռնած գործը, բայց հո առյուծի սիրտ չէր կերել, որ ընդդիմանար:
Նրանք ոչ մի փոխադրամիջոց չունեին, ուստի շալակած պիտի տանեին տապանաքարը, բայց գիտե՞ք, թե ով էր շալակելու. տեսնում եմ, որ չեք պատկերացնում, որ շալակողը Նարգիզն էր լինելու, քանզի Թադոսի մի ոտքը պրոտեզ էր: Այո, Նարգիզը Տորք Անգեղին համազոր մի կին էր. իզուր չէր, որ բոլորը նրան խելառ Նարգիզ էին կանչում: Երբ նա անցնում էր փողոցով, հարևանները վախից մտնում էին ներս, դուռ ու դարպաս փակում: Ինչևէ, ինչքան էլ, ուզեմ մանրամասնել, միևնույնն է, չեմ կարող այնպես բնութագրել Նարգիզին, ինչպես նա կա:
Շարունակեմ, վերադառնամ գերեզմանատուն:
Թադոսը օգնեց ինչքան կարող էր. պարաններով տապանաքարը կապկպեց Նարգիզի մեջքին և շարժվեցին, չմոռանամ ասել, որ տապանաքարը սավանով քողարկեց: Նարգիզն արագ -արագ քայլում էր, Թադոսը չէր հասնում նրա հետևից հասնել: Նրանք տուն չէին գնում, այլ գերեզմաքարը գնող վարպետի տուն: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Վարպետը փողն առձեռ տվեց ու ասաց.
-Ինչքան բերես, տեր եմ. շատ պատվեր ունեմ:
Էլ ինչ էր մնում Նարգիզին. ցերեկը գնում էր գերեզմանատուն, պտտվում, ծանր ու թեթև անում. քարի որակը, տեղը նշանում, իսկ գիշերը խեղճ Թադոսին հետևից գցում ուղիղ գերեզմանատուն: Բայց ինչքա՞ն կարող էր շարունակվել. ողջ քաղաքը լուրը տարածվեց, թե ինչպես օրական տապանաքարերն անհայրանում էին: Սկսվեց միլիցիա բողոքներ գնալ:
Գերեզմանատան պահակի քունը աչքերից փախավ, ողջ գիշերը շրջում էր գերեզմանոցում, բայց Նարգիզն իր գործն անում էր. գերեզմանաքարերի անհայտացմանը խառնվեց միլիցիան, ու Նարգիզը տապանաքարը մեջքին բռնվեց ու ձերբակալվեց: Թադոսին ազատ արձակեցին, զգացին, որ կազմակերպիչը կինն է, և ամուսինը ոչ ֆիզիկապես, ոչ էլ էապես ի զորու չի եղել կնոջն հետ պահելու հանցագործ ճանապարհից և իր կամքին հակառակ է օգնել կնոջը: Մեկ ամիս անց դատավարությունը կայացավ, բայց ինչե՜ր չեղան այդ մի ամսվա ընթացքում: Նարգիզի հետ պատիժը կրող կանայք համարյա ամեն օր ծեծի էին ենթարկվում. անգամ հսկիչ դռնապահը, որ շտապել էր միջամտել, հերթական զոհին առնել Նարգիզի ձեռքից, Նարգիզը զոհին թողել հասել է դռնապահին: Հազիվ են կարողացել հսկիչին Նարգիզի ձեռքից ազատել: Ստիպված առանձին խուց են գցում մինչև դատավարությունը: Դատավարության ժամանակ, երբ բոլոր տապանաքարերի տերերը վկայում են գողության փաստը, դատավորը դիմում է Նարգիզին.
-Մեղադրյալ, Դուք ընդունու՞մ եք Ձեր մեղքը:
-Ո՛չ, քաղաքացի դատավոր,-կարճ պատասխանում է Նարգիզը:
-Մեղադրյալ, անկախ նրանից, թե Դուք Ձեր մեղքը չեք ընդունում, գողությունն արդեն ապացուցված է և դուք... ,- դեռ միտքը չվերջացրած Նարգիզը ժայթքեց.
-Քաղաքացի դատավոր, բռնիր ձեռս, կեր հետույքս. դու գրիչով ես ուտում, ես՝քրտինքով. հիմա գողն ո՞վ է...
Դահլիճը քրքջում է:
Դատավորն հայտնվում է անելանելի վիճակի մեջ ու քանի որ գերեզմանաքարի գողության համար օրենսգրքում հոդված գոյություն չուներ, շատ է դժվարանում դատավճիռ կայացնել և քանի որ մինչև դատը մոտ մեկ ամիս փակի տակ էր եղել Նարգիզը, մտածեց, մտածեց ու ի զարմանս դահլիճի վճիռ կայացրեց.
-Մեղադրյալը քանի որ մի ամիս փակի տակ արդեն եղել է, տուգանվում է 100 ռուբլի:
Փորձում է շուտ ազատվել Նարգիզից, քանի իրեն չի նստեցրել մեղադրյալի աթոռին:
Իսկ Նարգիզը ժպտում է.
-Էդ փողն էլ քո գրպանից կտաս, ես փող չունե՜մ, դրա փոխարեն քեզ ես մի տապանաքար կտամ. իմացիր, որ քո վրա քար քաշելը իմ պարտքն եմ համարում, հաշվի ինձ ավանսով փող ես տալիս:
Դատավորը, որ ահագին տարիքով մարդ էր ու շատ դատեր էր անցկացրել, էլ գող, էլ մարդասպան, էլ կաշառակերություն, նման մարդու հետ դեռ չէր հանդիպել, այն էլ կինարմատ:
-Էս ի՞նչ գիշերվա երազ է, ինչքան շուտ ազատվեմ դրանից, այնքան իմ օգուտն է,- մտքում մտածում էր դատավորը:
Այսքան տարիների իր վաստակած պատիվը գետնովը կտա, եթե էդ թոկից փախած կնոջ հետ գլուխ դնի:
Շտապեց իր վճիռը սրբագրել.
- Քանի որ մեղադրյալը հանդիսանում է իր ընտանիքի միակ կերակրողը, ամուսինը հայրենական պատերազմի հաշմանդամ է, ունի երեք անչափահաս երեխաներ, ուստի, տուկանքը զիջել, ազատել դատարանի դահլիճից:
Դահլիճում նստած տապանաքարերի տերերն իրար են անցնում, աղմկում, բողոքում...
Իսկ Նարգիզն իրենից գոհ նայում է առաջին շարքում նստած Թադոսին և ասում ձեռքերը դեպի դատավորը պարզելով.
-Որ ասում էի` մի վախեցի՞, մի բան գիտեի, մեզնից գողն էլ կա:
Դատավորը սրտնեղված բղավում է.
-Տիկին, ազատիր դահլիճը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/580080915364621?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել