Fip.am-ը գրում է.
Ապրիլի 20–ին մի քանի լրատվամիջոցներում և համացանցում սկսեց ակտիվորեն տարածվել մի տեղեկություն, իբր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե «որ պահին ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ դուրս կգա փողոց»։ Այս վերնագրով տեղեկությունը տարածել են freenews.am, araratnews.am լրատվական կայքերը, armpublic.com, armenianews.net, medianews.site և այլ սունկ կայքեր։
Fip.am-ը պարզել է, այս լուրը Ֆեյսբուքում տարածել են նաև մեծ լսարան ունեցող մի շարք օգտատերեր։ Տարածվող արտահայտության հիման վրա 1in.am լրատվական կայքը նույնիսկ «Արթուր Վանեցյանը «բարձրացրել» է ոտքը՝ Ռոբերտ Քոչարյանը սպասում է» վերտառությամբ հոդված է հրապարակել։
Արթուր Վանեցյանն արդեն մի քանի օր է, ինչ նստացույց է անում «Ազատության» հրապարակում։ Այսօր՝ ապրիլի 20-ին, ակցիայի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այս լուրի վերաբերյալ հարց ուղղեց Վանեցյանին․ «Պարոն Վանեցյան, երեկ դուք ասում էիք, որ, կարծեմ երեկ եք հայտարարել չէ՞, որ, որ պահին Ձեր ոտքը գետնին խփեք, 200 հազար մարդ է հավաքվելու։ Ինչու՞ է այդ պահն ուշանում և ի՞նչ նկատի ունեիք․․․»,- հարցնում է «Ազատության» լրագրողը։
Հարցին ի պատասխան՝ Վանեցյանը նշեց․ «Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը՝ այդքան պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ֆեյք նյութերը ցիտում ա և ասում ա, որ ես երեկ այդպիսի բան եմ ասել։ Ես նման հայտարարություն երբևիցե չեմ արել։ Այդ հայտարարության սկզբնաղբյուրը նիկոլական «պերֆեկտթիվիներն են» և հիմար խոսակցություններ են։ Ես նման հայտարարություն չեմ արել ու ես երբեք նման հարց չեմ քննարկել»։
Նշված տեղեկությունն ու Վանեցյանի պնդումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «լուրի» սկզբնաղբյուրը armenianews.net սունկ կայքն է։ Դեռևս ամիսներ առաջ infocom.am-ը հայտնաբերել էր, որ այս կայքի դոմենը գրանցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով և ամենայն հավանականությամբ՝ հենց նրան էլ պատկանում է։
Բացի դրանից, այս կայքը հայտնի է կեղծ, մանիպուլյատիվ կամ ստուգման ոչ ենթակա տեղեկությունների սկզբնաղբյուր լինելով։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հոդվածին, ապա այնտեղ, մասնավորապես, գրված է. «…Սակայն աստղայինը տարած Վանեցյանը կարծում էր, որ իր բարձր վարկանիշը պայմանավորված է միայն իր անձով: Անգամ իր մտերիմներից մի քանիսի մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե եթե պետք լինի, փողոցով իշխանափոխություն կանի»,- նշվում է հոդվածում, որտեղ, ի հավելումն սրա, իբր մեջբերվում է Վանեցյանի ուղիղ խոսքը․ ««Որ պահին պետք եղավ, ոտքս գետնին խփեցի, 200,000 մարդ դուրս կգա փողոց»,- ասել է Վանեցյանն իր մտերիմներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



