168.am-ը գրում է․
Ապրիլի 17-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանի ու Արցախի համար արդեն կրիտիկական պահ է, և ազգը պետք է ոտքի կանգնի։
Նա բոլորին կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում, հետևելով նրա կոչին՝ բազմաթիվ մարդիկ գնացին Ազատության հրապարակ։
168.am-ը Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հադրութից, Շուշիից և Արցախի այլ բնակավայրերից բռնի տեղահանված բնակիչները կմիանա՞ն Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։
«Հիմա մենք այդ հարցը քննարկում ենք, բոլորի անունից չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ նպատակահարմար կլինի, եթե մենք գնանք՝ կանգնենք նրանց կողքին և աջակցենք։ Պետք է ամեն ինչ անել երկիրը փրկելու համար, միայն Արցախը չէ, վտանգված է նաև Հայաստանի ապագան»,- նշեց Աշոտ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ պատմաբանը նկատեց՝ նա իր հայտարարությունների մեջ, ժողովրդական խոսքով ասած՝ և՛ նալին է խփում, և՛ զնդանին, քանի որ նպատակ ունի մոլորության մեջ դնելու հանրությանը, որպեսզի մարդիկ չհասկանան, թե իրականում ինչ է ուզում անել։
«Նիկոլը մի կողմից՝ ասում է, որ իբր ինքը պայքարում է, որպեսզի Արցախը գոյատևի, մյուս կողմից՝ իր քայլերն անհանգստանալու տեղիք են տալիս։ Փաստացի, հանրությանը մոլորեցնող բաներ է անում, որովհետև ասում է՝ առանց Շուշիի հարցի՝ հնարավոր չէր 44-օրյա պատերազմը կանխել, բայց երբ լսում ենք ՌԴ նախագահի ելույթը, նա խոսում է Շուշի փախստականների վերադարձի մասին, այլ ոչ թե Շուշին հանձնելու մասին։ Ուզում եմ ասել, որ գնում է խոսքերի ու մտքերի խաղ, որոնք բացահայտ նպատակ են հետապնդում լսողին դնելու անորոշ իրավիճակի մեջ։
Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը կարող էր առանց զոհերի լինել այն վիճակում, որում այսօր է, ապա սրան պետք է ականջալուր լինեն իրավապահները։ Նրանք այս հայտարարությունը կարող են հիմք ընդունել և նրան կանչել դատական պատասխանատվության, որովհետև, փաստորեն, դա խոստովանություն է, որ կարելի էր խուսափել պատերազմից, բայց ինքը չխուսափեց»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը