Pastinfo.am-ը գրում է.
«Հանրապետություն» կուսակցության համար Արցախի հարցի լուծման նախընտրելի տարբերակը անջատում՝ հանուն փրկության տարբերակն է, որին հասնելուն համար պետք է միշտ պայքարել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյան և ՔՊ-ականների Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջին տարակուսելի հայտարարություններին:
Նշենք, որ արդեն երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական պատգամավորները Արցախի և Արցախի կարգավիճակի մասին հայտարարություններ են անում, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացրել Հայաստանում և Արցախում: Այս հայտարարություններից երևում է, որ Հայաստանի իշխանություններն ամենևին էլ դեմ չեն Արցախի որևէ կարգավիճակով ընդգրկմանը Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու մասին, նաև հայտարարել է, որ եթե նախկինում բանակցությունների հիմքում դնում էին Ղարաբաղի կարգավիճակը, ապա այժմ հիմքում դնում են արցախցիների անվտանգության երաշխիքներն ու իրավունքները:
Մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որ Արցախը հանուն փրկության Անջատում կարգավիճակ ստանա, քանի որ Արցախում ապրում են հայեր.«Կա նաև կիպրական տարբերակը, որը ևս կարելի է դիտարկել՝ կախված իրավիճակից և լարվածությունից»,-ասաց Անի Խաչատրյանը:
ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, թե 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղը որևէ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար: Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր պահանջում նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանը, որի եղբայրը՝ Արամ Սարգսյանն այսօր Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական ուժերի խմբի մեջ է։
Մեզ հետ զրույցում Անի Խաչատրյանը հակադարձեց Փաշինյանին՝ 98թ-ի իշխանափոխությունը Արցախը պահելու համար էր.
«Լևոն-Տեր Պետրոսյանը Հայաստանի այն չարաբաստիկ ղեկավարներից մեկն էր, որը հաղթանակից անմիջապես հետո հաղթած տարածքների վերադարձի մասին էր խոսում, մի պահ պատկերացրեց, այսօր Ալիևն ա հաղթած դիրքում տարածքներ հանձնելու մասին խոսի»,-ասաց Անի Խաչատրյանը:
Լուսանկարում՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը։