Մեր հասարակությունը քաղաքական չէ: Չափից ավելի շատ քաղաքականացված է, բայց քաղաքական չէ: Եվ սա մեծ խնդիր է, որն իր հետևից բազում այլ խնդիրներ է բերում: Վերցնենք, օրինակ, այսօրվա հանրահավաքը: Մարդկանց մոտ հիմնական մեկ հարց կա` ի՞նչ է անելու ընդդիմությունը: Ընդ որում, այդ հարցն իր մեջ պարունակում է մի շարք ուրիշ` մեծամասամբ հոռետեսական ենթահարցեր. նորից սաղ քաղաքով պիտի քայլե՞նք, հավաքվելու ենք ելույթներ լսենք ու ցրվենք տներո՞վ և այլն, և այլն: Լավ չի այս ամենը:
Քաղաքական հասարակությունն ինքն է օրակարգ ձևավորում, հետո գտնում այն ուժերին, որոնք կարող են սպասարկել այդ օրակարգը: Իհարկե, Հայաստանում դրա փորձերն էլ կան, բայց վերոնկարագրյալ իրավիճակն իսկապես գերիշխող է: Նույնիսկ շատ հանրային գործիչներ այդ տրամաբանությամբ են առաջնորդվում` քաղաքական լուծումներ առաջարկելու փոխարեն կտրուկ գործողություններ պահանջում: Նկատենք` ուրիշներից պահանջում:
Երևանում այսօր մեկնարկող հանրահավաքային շարժումը լավ առիթ է, որպեսզի հանրության ունակ հատվածները վերջապես սկսեն օրակարգեր ձևավորել: Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ էլիտաների ներկայություն: Մտավորականությունը պետք է գա ու, ժամանակակից լեզվով ասած, քաստինգ անի: Տեսնի, թե հարթակից ելույթ ունեցողներից ով ինչ արժե և ում է կարելի վստահել ժողովրդի քաղաքական առաջնորդությունը: Դե իսկ այդ առաջնորդության հավակնողներն էլ, իրենց հերթին, պետք է խուսափեն լոզունգային ու պոպուլիստական հայտարարություններից և փորձեն ստեղծված իրավիճակից իրական ու գործուն ելքեր առաջարկել:
Այլ կերպ ասած` այսօր մենք կանգնած ենք քաղաքական հասարակություն, նոր օրակարգեր և այդ երկուսին համապատասխան առաջնորդներ ունենալու խիստ կարևոր խնդրի առջև: Իսկ երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքը, կարծում եմ, կարող է այդ խնդրի լուծման լավ մեկնարկ դառնալ: Հուսամ` այդպես էլ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել