Hetq.am-ը գրում է․

1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ, գրում է hetq.am-ը։ 

Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984):


Բոլոր ներդրումները և գործարքները կազմակերպում են իրավաբանական ընկերությունների միջոցով։ Այս ոլորտում աշխատող առաջատար ընկերություն է Henley and Partners-ը, որի  գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այն ղեկավարում է Քրիստիան Կալինը (Christian Kälin), որի մականունն է Passport King:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և «Դաֆնե Կարուանա Գալիցիա» հիմնադրամը (Daphne Caruana Galizia Foundation) համատեղ հետաքննություն են իրականացրել Կարիբյան ծովի երկրներում Henley and Partners-ի գործունեության վերաբերյալ։ 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության հաճախորդների թվում եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման, պատժամիջոցներից խուսափելու հետ, քաղաքական իշխանություն և չհիմնավորված հարստություն են ունեցել։

Նման մարդիկ պետք է ողջամիտ կասկածներ առաջացնեին և՛ այս ընկերության,  և՛ քաղաքացիություն տրամադրող երկրների մոտ։ Չնայած դրան, նրանք կարողացել են ներդրումների միջոցով Սենթ Քիթսի քաղաքացիություն ստանալ։ 
 
Հայաստանի հետ կապ ունեցող և այս ծրագրով Սենթ Քիթսի քաղաքացիություն գնած մարդկանց թվում են նաև ՌԴ և ՀՀ քաղաքացի, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը և ընտանիքի յոթ անդամներ։

Henley and Partners-ը իր գործունեության մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Այսպես, OCCRP-ի հարցումներին ի պատասխան՝ ընկերությունը պնդել է, որ միշտ ենթարկվել է տեղական, միջազգային օրենքներին և կանոնակարգերին, որ խնդրահարույց հաճախորդները լավ հաճախորդների համեմատ շատ քիչ են, սա գնահատելով որպես «շատ դրական նորություն»։ 

Իսկ Սենթ Քիթս և Նևիսի՝ «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի պատասխանատու պետական մարմիններն ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեն տվել։ 

Henley and Partners-ը մասնավորապես և անձնագրերի վաճառքի ոլորտը՝ ընդհանրապես, վերջին տարիներին խիստ քննադատության է արժանանում հատկապես մի շարք միջազգային սկանդալների պատճառով, որոնք կապված են եղել «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրերի հետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալթան և Կիպրոսը։ 

Նման ծրագրերի քննադատները պնդում են, որ երկրորդ քաղաքացիության շնորհիվ հանցավոր գործունեությամբ զբաղվողները կարողանում են խուսափել արդարադատությունից, քողարկել իրենց ինքնությունը և ապօրինի ձեռք բերած միջոցները։

Բացի դրանից՝ նման ծրագրեր ունեցող երկրների քաղաքացիները և քաղաքական խմբերը կարող են սոցիալապես անարդար համարել այն, որ անհատները, որոնք երբևէ չեն ապրել տվյալ երկրներում և որևէ կապ չունեն այդ երկրի հետ, կարող են դառնալ քաղաքացիներ ընդամենը որոշ գումար վճարելով: Սա իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական բողոքների և աջակողմյան պոպուլիստական կուսակցությունների աճի:

Բազմամիլիարդ դոլարների շրջանառություն ունեցող այս ոլորտում աշխատող ներկայացուցիչները, ի հակառակ քննադատների, պնդում են, որ հավելյալ անձնագիրը աղքատ երկրների գործարարներին կարող է օգնել անկաշկանդ ճանապարհորդել և պաշտպանվել իրենց երկրների ավտորիտար ռեժիմներից: Միևնույն ժամանակ, այս ծրագրերը կարող են ներդրումների մեծ հոսք բերել ծրագիրն իրականացնող երկիր։

Արմեն Սարգսյանը 500 հազար ԱՄՆ դոլար նեդրման համար է ստացել քաղաքացիություն

OCCRP-ի և «Հետքի» ձեռքի տակ հայտնված Henley and Partners-ի ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սարգսյանն առնվազն 2013թ.-ին եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:

Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։ Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին։

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Արմեն Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում շատ բան պարզ է դարձել հենց նրա հայտնած տեղեկությունների շնորհիվ։ Պետք է նշենք, որ Սարգսյանի բացատրությունները և պատմությունը բավականին խճճված են։
Այսպես, նա մեզ ասել է, որ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել Սենթ Քիթսում գտնվող Park Hyatt հյուրանոցի զարգացման համար։ Ներդրումն իրականացնելու գործընթացը կազմակերպել է Range Developments ընկերությունը։ Սրա դիմաց Արմեն Սարգսյանն ստացել է Սենթ Քիթսի քաղաքացիություն։ Բայց Սարգսյանը պնդում է, որ իրեն Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրն ընդհանրապես չէր հետաքրքրում, քանի որ «ներդրումն էր շարժիչ գործոնը»։
 

Ըստ Սարգսյանի բացատրության՝ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ստանալուց հետո ինքը նախ գրել է ներդրումը կազմակերպած Range Developments-ին և խնդրել սառեցնել անձնագրի գործունեությունը մինչև հետագա ծանուցումը։

2013-ի օգոստոսին, երբ Սարգսյանը հասկացել է, որ կարող է նշանակվել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան (նշանակվել է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին), հյուրանոցի բաժնեմասի սեփականությունը փոխանցել է ընտանիքի անդամին և խնդրել է իր իրավաբանին վերադարձնել Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել