«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ մեկուկես տարի հետո՝ 23 թվականի աշնանը, Երեւանի բնակիչները պետք է նորից քաղաքապետ ընտրեն։ Եվ արդեն խոսակցություններ կան քաղաքապետի հավանական թեկնածուների մասին, թե որ թիմն ում է առաջադրելու։ Իշխանությունը մտադիր է Տիգրան Ավինյանին առաջադրել։ Խոսում են Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հավանական առաջադրման մասին, բայց դեռ պարզ չէ՝ նա կառաջադրվի ՀՀԿ-ի՞ կողմից, թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքի։ Լուրեր կան, որ «Հայաստան» դաշինքն էլ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին առաջադրել։ Ոմանք Արթուր Վանեցյանի անունն են շրջանառում։
Երեկ Տարոն Մարգարյանը հարցին, թե քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրություն ունի՞, ուղիղ չպատասխանեց․ «Քաղաքապետի ընտրությունները ե՞րբ ա, ինձ թվում ա՝ ժամանակ կա հլը։ Երբ որ ժամանակը գա, էդ ժամանակ մեր կուսակցությունը կհայտնի»։ Կարծում եք՝ Ձեզ ձայն կտա՞ն երեւանցիները։ Մարգարյանն ասաց․ «Ուղղակի տարիուկես հետոյի մասին չեմ ուզում հիմա խոսել։ Տարիուկես հետո կխոսենք»։