Hetq.am-ը գրում է.
Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքում մարդիկ, պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած, հայտնվել են շրջափակման մեջ։ Օրեր շարունակ Սլավուտիչ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է։
Սլավուտիչում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանի հետ։
«Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել։ Կարող է մեկ էլ մի տեղից խոսակցություն լինի, որ ալյուր են ճարել, վաղը էս ինչ տեղում, էս ինչ ժամին 50 հատ հաց են բերելու, առավոտից մի 600 հոգի գնա, հերթ կանգնի։ Շունը տիրոջը չի ճանաչում»,- պատմում է Կարեն Շահբազյանը։
Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհը ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան։
«Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասեցին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։ Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ ես հո չեմ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,-ասում է Կարեն Շահբազյանը։
«Կապվել եմ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներից մեկի հետ, ասում է՝ մեկին գտեք, փող ուղարկենք, թող ձեզ հանի էդտեղից, ասում եմ՝ էստեղ փողի խնդիր չկա, բոլորս էլ փող ունենք, բայց ոչ ուտելիք կա, ոչ վառելիք, փողը էստեղ ուղղակի թուղթ ա, եթե մտնում ես խանութ բան չկա՝ փողդ ի՞նչ անես,- ասում է Կարենը,- մենք էստեղ բոլոր հայերս բոլորին գիտենք, ամեն օր նստում, խոսում ենք՝ ինչ կարելի ա անել, որտեղից ուտելիք ճարել, մի բան ճարում ենք, որտեղ էրեխեք կան, սկզբից էնտեղ ենք ուղարկում, հետո՝ նոր մեզ»։