Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործով «դատական» նիստը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը երկու միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկը վերաբերել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին որպես վկա կանչելուն, մյուսը՝ քննիչին դատարան կանչելուն՝ սկավառակներում առկա որոշ տվյալներ ճշտելու համար:
Վարդանյանը նշել է, որ ԿԽՄԿ աշխատակիցները բազմիցս այցելել են իր մեկուսարան, օգնել հագուստ, սնունդ ապահովելու և ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում. ԿԽՄԿ–ի ներկայացուցչի մասնակցության ապահովման նպատակն է, որ պարզվի Վարդանյանի կարգավիճակը։
Իսկ սկավառակներում հավաքված են Վարդանյանի գրասենյակի և բնակելի տան խուզարկության վերաբերյալ արձանագրություններն ու տեսանյութերը։
Երկու միջնորդություններն էլ դատավոր Աղաևը մերժել է:
Դրանից հետո նախագահողը լսել է կողմերի կարծիքները «դատաքննության» ավարտի վերաբերյալ: Կողմերը հայտարարել են, որ դեմ չեն «դատաքննության» ավարտին և ելույթների մեկնարկին:
Դատախազները ժամանակ են խնդրել ելույթին պատրաստվելու համար։
Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել