Lragir.am-ը գրում է․
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին օրենքի նախագիծ մշակելու հարց չի քննարկվում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի խորհրդարանը ևս դեօկուպացիայի մասին օրենքի նախագծով հանդես գա, ինչպես Արցախի խորհրդարանն ընդունեց։
«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա այս պահին։ Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի կողմից ընդունված նախագծին, որևէ մեկնաբանություն չունենք»,- ասաց Աղաջանյանը։
Հարցին, թե «ՔՊ»-ն համարո՞ւմ է, որ Արցախի տարածքներն օկուպացվել են, Աղաջանյանը պատասխանեց․ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշումը հետևյալն է, որ այն ստատուս քվոն, որը կա այս պահին, դա արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, որը սկսվել և ուղեկցվել է միջազգային բոլոր օրենքների կոպիտ խախտումներով։ Սա է մեր արձանագրումը, որը այդ թվում՝ միջազգային հարթակներում պետք է գնահատականի արժանանա»։