Այսօր՝ մարտի 4֊ին ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։

Ինչպես Նոր շեն համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց «Ապառաժ»-ին, Նորշենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։

Դեպքից հետո ռուս խաղաղապահները իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները, խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։

Այդ ամենից հետո ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մեքենան մոտեցրել են դիրքերին և հնչեցրել հայտնի ձայնագրությունը, որը լսվել է Նորշեն և Աշան համայնքներում։

«Ապառաժ»-ի տվյալներով նշված համայքներում խուճապային տրամադրություններ չեն նկատվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել