Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ ԱԳՆ-ում հուսով են, որ Մոսկվայում փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին. «Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ»:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը:

Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։

Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել