Կարծես՝ շոշափելի է դառնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն բացերից մեկը վերականգնելու ևս մեկ հնարավորություն։ Խոսքը արաբական և մուսուլմանական աշխարհի կարևորագույն երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու ուղղության մասին է։
Անկախության վերականգնումից հետո, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ երկկողմ պատճառներով պայմանավորված(Արցախի հիմնախնդիր, տարածաշրջանային մրցակցություն, անհրաժեշտ ջանքերի բացակայություն), Սաուդյան թագավորության հետ հարաբերություններ չէր հաջողվել հաստատել, որը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով լրջագույն բաց էր ՀՀ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։
ԵՎ ահա 2021թ. հոկտեմբերին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Թագավորություն կատարած աշխատանքային այցից սկսած որոշակի ակտիվություն նկատվեց երկկողմ շփումներում։
Իսկ արդեն ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ հարցեր։
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում նկատվող դրական միջավայրում քաղաքական և տնտեսական մրցակցության միտումները՝ ներկայում հավելյալ հնարավորություններ են ստեղծում նաև Հայաստանի համար նախկինում չիրացված զգալի ներուժ ունեցող մի շարք ուղղություններում ակտիվանալու տեսանյունից։ Սաուդյան ուղղությամբ՝ առաջին հերթին անհրաժեշտ է օր առաջ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4823639614339881&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել