Pastinfo.am-ը գրում է.
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում դեռ չունեն:
Նշենք, որ արդեն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները պաշտոնապես դադարեցվել են, հնգօրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները պետք է առաջադրեն նախագահի թեկնածուներ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր հայտարարեց, որ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, որը համարվում է Գռզո մականունով հայտնի օլիգարխ, քպական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջ մղած թեկնածուն։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց ընդդիմադիր խմբակցություններից՝ արդյո՞ք արդեն որոշում ունեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի փոխանցմամբ՝ դեռևս քննարկումների փուլում են, որոշում չունեն.
«Քննարկվում է թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, եթե որոշենք, որ առաջադրում ենք, թեկնածուների քննարկման փուլ կլինի, հիմա ֆրակցիան ներքին քննարկում է անում»,-ասաց նա:
«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ քննարկում են նախագհի թեկնածու առաջադրելու հարցը.
««Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» խմբակցությունները դեռ քննարկում են այդ հարցը»:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: