News.am-ը գրում է.

Օրվա վերջում հակառակորդը կորցրել է մինչ այդ ստացած առավելությունները, շատ դիրքեր հետ ենք բերել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արեւելյան առաջնագծում ադրբեջանական հարձակման հետեւանքով օրվա ընթացքում ծավալված մարտերին ու ընթացիկ օպերատիվ իրավիճակին:

«Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, չնայած մի քանի ժամ առաջ հեռու էինք այս վիճակից: Մինչեւ հարցազրույցի գալը խոսեցի բանակային 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատեց վիճակի կայունության փաստը, հիմա լայնամասշտաբ գործողություններ չեն ընթանում. Իշխանասարի հատվածում դեռ լարվածության օջախ կա, բայց, կարծում եմ, մինչեւ հաղորդման ավարտը դա էլ չի լինի:

Եթե նախորդ օրը հակառակորդի կողմից ցինիկ կեցվածք տեսանք մեր դիրքերի ուղղությամբ, ապա այսօր նրան նման կեցվածքով որեւէ առավելության հասնել չհաջողվեց, ավելին, եթե օրվա ընթացքում հաջողվել էր որոշակի առավելությունների հասնել, ապա օրվա վերջին այդ առավելությունները կորցրեց, մենք շատ դիրքեր ենք հետ բերել: Մարդկային կորուսներ թե՛ մենք ենք ունեցել, թե՛ իրենք, նաեւ՝ զրահատեխնիկայի բավական շոշափելի կորուստներ ենք նրանք ունեցել, ինչը նշանակում է, որ նաեւ շոշափելի մարդկային կորուստներ են ունեցել: Մեր զինված ուժերը մտան մարտական գործողությունների մեջ եւ այս պահի դրությամբ պարտադրեց հրադադար»,- ասել է Քոչարյանը:

ՊՆ վերջին հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնել է ՊՆ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել