2001-2002թթ. Հայրս համոզված էր, որ Ադրբեջանը չի կարող դեպի Արևմուտք տանող նավթա և գազամուղ կառուցել։ Նման վստահությունը երկու հիմք ուներ՝ ա) մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները և բ) Հայաստանի շահը։ Հայրս կարծում էր, որ եթե անգամ Ադրբեջանը կարողանա շրջանցել առաջին գործոնի արգելքները (ինչը, ի դեպ, նա չէր բացառում), ապա երկրորդ գործոնը՝ հայկական շահը, պարզապես անհնար կլինի հաղթահարել Բաքվի համար։ Ավելին, այն ժամանկ գրված, բայց վերջերս հրատարակված նրա՝ «Геополитическое пространство Армении» գրքում հայրս գրել է, որ Հայաստանը պետք է թշնամու այդ ծրագրերը խաթարելու և նույնիսկ 1.5-2 շաբաթվա ընթացքում Գանձակ մտնելու ընդունակ զորք ունենա։ Կարծում եմ իր այդ մոտեցումը ավելի քան հասկանալի է. Ադրբեջանի էներգակիրների մուտքը միջազգային շուկաներ կարճ ժամանակ անց փոխելու էր ուժերի հարաբերակցությունը, իսկ դրան, բնականաբար, կհաջորդեր հայկական կողմի համար բացասական հետևանքներով պատերազմ։
Ցավոք, այն ժամանակ հայկական պետությունը չլուծեց այդ՝ ավելի քան պարզ ու տրամաբանական խնդիրը։ Իսկ հետո ուրիշ խնդիրներ էլ չլուծեց։ Ավելին՝ նորերը ավելացրեց։ Ու «բացասական հետևանքով պատերազմի փոխարեն» մենք ունեցանք իսկական աղետ…
Իհարկե, հիմա արդեն անցած-գնացած օրերի, այն ժամանակ արված կանխատեսումների ու առաջարկած ծրագրերի մասին խոսելու ժամանակը չէ, բայց դե ձեռքերը ծալած նստել էլ չի կարելի։ Այսօր միջազգային մամուլ եմ կարդում ու տեսնում, որ Bloomberg-ում ադրբեջանական կողմը նորից իր գազը վաճառելու արշավ է սկսել։ Հղվելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի փաստին, դրանում Ռուսաստանին մեղադրելով՝ ադրբեջանցիներն այլընտրանք են առաջարկում ու ցույց տալիս, իբրև բոլորը հենց իրենց գազը ձեռքբերելում են շահագրգռված։ Մարդիկ աշխատում են։ Այնպես են աշխատում, կարծես անցած տարվա պատերազմում իրենք են պարտվել ու հիմա շուտ փորձում են կորցրածը ետ բերել։ Իսկ Հայաստանում Աստված գիտի, թե ինչերով ենք զբաղված։ Ոչ մի նոր գաղափար, ոչ մի ծրագիր։
4 Shares
Like
Comment
Share
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10225796184151020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել