ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը: 

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը:

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում եւ վստահություն հայտնել, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ եւ սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելել է հենց Ռուսաստանի Դաշնություն:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել