Յուրաքանչյուր այց, միջոցառում, հանդիպում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում կամ հարցերի է պատասխանում, անպայման ունենում է շարունակություն: Մի տեղ նա իրեն համեմատում է Հիսուսի հետ եւ հայտնվում հավատացյալների թիրախում: Մյուսում Շուշին եւ շուշեցիներին է վիրավորում` նսեմացնելով նրանց երեսնամյա ջանքերն ու իրենց քաղաքի հանդեպ սերը: Երրորդ ելույթի ժամանակ հպարտանում է պարտությամբ, իրեն հայտարարում է թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր:

Մե՛կ հայտարարում է, որ գերիները մի քանի ամիս կսպասեն, մե՛կ էլ առաջարկում է գերիներին փոխանակել իր որդու հետ: Մուրճ է ճոճում եւ խոստանում «շինել» ոմանց: Արդարանում է, թե ինչու պատերազմից հետո հրաժարական չի տվել, իսկ հաջորդ պահին պատերազմում պարտությունը փաթաթում է տարբեր անձանց, այդ թվում` ընդդիմության առաջնորդների, նախկին իշխանությունների, գեներալների ու պարզապես` ՀՀ քաղաքացիների վրա, որոնք չգնացին ու իրենց կրծքով չպաշտպանեցին հայրենիքը:

Մի խոսքով` չկա ելույթ, չկա հրապարակային հայտարարություն, որը չպարունակի աղմկահարույց եւ սկանդալային մտքեր ու օրեր շարունակ չքննարկվի երկրում: Ի՞նչ է սա` միտում պարունակող մարտավարությո՞ւն, որի նպատակը հանրային քննարկման օրակարգ թելադրելն է եւ մարդկանց ասել-խոսելու նյութ տրամադրելը, թե՞ պարզապես լեզուն ոսկոր չունի, իսկ անփորձությունն ամեն ինչում է արտահայտվում` երկիրը կառավարելիս, մարդկանց հետ հարաբերվելիս, հրապարակային ելույթներում: Բայց կարելի էր երեք տարվա ընթացքում ինչ-որ բան սովորել, ինչ-որ հարցերում նախկին փորձից դասեր քաղել, ավելի զգույշ լինել հրապարակային խոսքում:

Ուստի շատ ավելի հավանական է, որ սա ծրագրված մարտավարություն է, որը որոշակի կոնկրետ նպատակ է հետապնդում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել