Armenpress.am-ը գրում է․

Քրդական կողմի հրավերով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իրաքում Հայաստանի դեսպանությունից՝այցի ընթացքում դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է եկել հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով,  պատասխանել պրոֆեսորադասախոսական կազմերիի և ուսանողների բազմաթիվ հարցերի:

«ԻՔ-ում գտնվելու ընթացքում դեսպան Փոլադյանը հանդիպեց նաև ԻՔ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկվեցին հայ-քրդական հարաբերություններին առնչվող հարցեր, ելույթ ունեցավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի անձնակազմի համար:

Սեպտեմբերի 28-ին կայացավ Ա.Փոլադյանի հանդիպումը ԻՔ Գիտությունների ակադեմիայի ղեկավարության և ԻՔ տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մի շարք համալսարանների ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշեցին, որ ԲՈւՀ-երի ուսանողների համար պատրաստված քրդերի միջնադարյան պատմության դասագրքերում ընդգրված են նաև պրոֆեսոր Փոլադյանի աշխատությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման վերջում ԻՔ գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Աբդ ալ Ֆաթթան Ալի Բութանին հայտարարել է, որ ակադեմիայի գիտական խորհուրդը, որպես գնահատանք քուրդ ժողովրդի պատմության, ժառանգության և թարգմանության բնագավառներում ունեցած ջանքերի և այդպիսով քուրդ ժողովրդին մատուցած ծառայությունների, 2021թ. սեպտեմբերի 26-ին միաձայն կայացրել է թիվ 13 որոշումը, որով դեսպան, դոկտոր Փոլադյանն ընտրվել է ԻՔ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել