Armdaily.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը նշանակվել է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի ժ/պ։

Լրատվականին հայտնի էր դարձել նաև, որ Մինասյանը չունի համապատասխան հավաստագիր։ Ավելին՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ դրսից են նշանակում ժ/պ, սովորաբար կոլեկտիվից մեկին են վստահում այս պաշտոնը մինչեւ նոր ընտրություն։ Մարիամ Մինասյանը Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ է եղել։

Քոլեջից  հայտնեցին, որ տնօրենի փոփոխություն եղել է, և որ այդ փոփոխությունը կապված է նախկին տնօրենի կենսաթոշակի գնալու հետ։ Հարցին, թե արդյոք տիկին Մինասյանը համապատասխան հավաստագիր ունի՝ մեզ պատասխանեցին, որ այդ հարցին չեն կարող պատասխանել։

Արդյոք տիկին Մինասյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, ոչ թե տնօրեն, արդյոք տնօրենի մրցույթ եղե՞լ է՝ լրատվականին ասացին, որ այլևս  ոչ մի հարցի չեն պատասխանի և միայն տիկին Մինասյանն է իրավասու որևէ հարցի պատասխանել։ Մինասյանին, սակայն, լսափողը չփոխանցեցին՝ պատճառաբանելով, որ նա զբաղված է։

ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը  հայտնեց, որ քոլեջի նախկին տնօրենը՝ Սերգեյ Սարգսյանը աշխատանքից ազատվելէ ՊՈԱԿ-ի մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի Բ ենթակետով, դա տարիքն է։ Դա հիմք ընդունելով իր պայմանագիրը լուծվել է։ 

«Սարգսյանի ծննդյան օրը օգոստոսի 3-ին է եղել, 4-ից դադարեցվել է նրա լիազորությունները՝ տնօրենի պաշտոնում։ Դրանից հետո Մարիամ Մինասյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ տնօրենի ընտրությունը և նշանակումը։ Դա արդեն օրենքի պահանջ է, որ պարտադիր տնօրենի բացակայությամբ պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև մրցույթ հայտարարվի։ Քանի որ Մինասյանը պահանջներով համապատասխանում է տնօրենի պաշտոնին՝ հետևաբար նախարարը որոշել է նշանակել պաշտոնակատար։ Մրցույթ կլինի, ով որ մրցույթում կհաղթի նրա հետ էլ նախարարը պայմանագիր կկնքի՝ 5 տարի ժամկետով»։

Հարցին, թե որոնք են եղել պահանջները և ինչպես է ստացվել, որ օրինակ, քոլեջի աշխատակիցներից որևէ մեկը չի նշանակվել Ժ/Պ՝ նա պատասխանեց, որ պարտադիր չէ, որ հենց քոլեջի աշխատակից լինի։ «Նախարարը կարող էր տեղակալներից մեկի վրա պարտականություններ դնել, բայց նախարարը որոշել էր հենց Մարիամ Մինասյանին նշանակել, ինչ վերաբերում է պահանջներին՝ նա պետք է ունենա բարձրագույն կրթություն, համապատասխան փորձ, ունենա հավաստագիր՝ դրա համար նա պետք է կամ կառավարման ոլորտում ստաժ ունենա կամ մասնագիտական ստաժ, այսինքն, նա բոլոր պահանջներին համապատասխանել է»։

Հարցին, թե արդյո՞ք Մինասյանը հավաստագիր ներկայացրել է՝ Գրիգորյանն ասաց որ, որ այո, Մինասյանը փաստաթղթերի հետ նաև հավաստագիր է ներկայացրել։ Հատկանշական է, որ Մարիամ Մինասյանը, որպես պատգամավորի կին, 2020 ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 1 մլն 740 հազար դրամի եկամուտ՝ որպես աշխաատանքի վարձատրություն կամ դրան հավասարացված գումար, սակայն թե որ կազմակերպության կողմից է կատարվել վճարումը՝ նշված չէր։ 2019 թ-ին Մինասյանը որպես եկամուտ հայտարարգրել էր նույն 1 մլն 740 հազար դրամ գումարը, սակայն այդ տարվա հայտարարագրում նշված էր, որ աշխատավարձը վճարող կազմակերպությունը եղել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզային քոլեջ ՊՈԱԿ-ը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել