Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ: Ժամը  02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած  Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Jinbei-ը կողաշրջվել է: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ,  60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը:

Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է տապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած  Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է  ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը: Քննիչի  հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավրոը եղել է Mercedes-ի վարորդը, ով վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրելի հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային:

Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած,  վարորդը պահպանել է  ճանապարհային երթևեկության  անվտագության կանոնները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել