«ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում այս տարվա փետրվարի 21-25 կայացավ «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար ՀՀ-ից մեկնած պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար պետական բյուջեից վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ, իսկ միայն տաղավարի տարածքի վարձակալության համար՝ 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):
2018 թվականին իշխանության եկած ու հարկատուի վճարած ամեն մի դրամ հարկն արդյունավետ ծախսելու խոստում տված իշխանությունների կողմից արված այս ծախսը, անշուշտ, կարևոր կլիներ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանար ցուցահանդեսին ներկայանալ սեփական ռազմարդյունաբերական արտադրանքով և ոչ թե բուկլետներով ու ջրի շշերով։
Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն՝ այն ժամանակ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, այդպես էլ չգիտակցեց իրենց իշխանության կայացրած որոշումների արդյունքում պարտված Հայաստանին պարտությունից հետո հասցված ևս մեկ խայտառակության աստիճանն ու Ազգային ժողովում հպարտացավ, թե ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ջրի շշով և բուկլետներով մասնակցած Հայաստանի տաղավարն ամենագեղեցիկներից մեկն է եղել։
Պետբյուջեից արված միլիոնների ծախսի դիմաց աշխարհին Հայաստանը բուկլետով ներկայացնող Հակոբ Արշակյանին կարճ ժամանակ անց ԲՏԱ նախարարի պաշտոնում փոխարինեց Հայկ Չոբանյանը, իսկ Արշակյանը հանգրվանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ բառ չասելով իր կողմից Հայաստանի վարկանիշին հասցված հերթական վնասի մասին։
168.am-ը ԲՏԱ նախարարությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ամիսներ անց ի՞նչ ճակատագրի արժանացավ Հայաստանից տեղափոխված, բայց այդպես էլ Աբու Դաբի չհասած արտադրանքը, ու արդյոք Հակոբ Արշակյանն ու նրան հաջորդած նախարարը կրո՞ւմ են որևէ պատասխանատվություն նման ձախողման համար։
168.am-ի հարցին՝ ինչպիսի՞ պատասխանատվություն են կրում այս ձախողման համար նախկին նախարար Հակոբ Արշակյանը և նրան հաջորդած նախարար Հայկ Չոբանյանը, ԲՏԱ նախարարությունից հայտնել են, որ բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար նախարարությանը կցվել են աշխատակիցներ, որոնք թերացել են իրենց պարտականությունների կատարման գործում, նախարարության երեք աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի, 2-ը՝ ստացել նկատողություն, մեկը՝ խիստ նկատողություն։
Այսինքն՝ մենք հարցրել ենք՝ Հակոբ Արշակյանն ու Հայկ Չոբանյանը կատարվածի համար պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ ոչ, մեզ հիշեցրել են պատասխանատվության ենթարկված աշխատակիցների քանակի մասին։ Հետևապես՝ կարող ենք արձանագրել՝ Հակոբ Արշակյանն ու Հայկ Չոբանյանն այս խայտառակության համար իրենց պատասխանատու չեն համարում, կամ՝ իրենք պատասխանատուն են, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։
Հաջորդ հարցով՝ հետաքրքրվել էինք՝ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում արտադրված նմուշներից բացի, խմբաքանակում եղել է նաև օտար երկրներում արտադրված սպառազինություն, եթե՝ այո, ապա ո՞ր երկրի։
Ի պատասխան՝ նշել են՝ նախարարության ունեցած տեղեկություններով, բոլոր ցուցանմուշները եղել են հայկական արտադրության։
Ճշտող հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ ռուսական կողմը մանրամասն հետազոտել է հայկական ցուցանմուշները՝ մեր տեխնոլոգիական գաղտնիքները յուրացնելու նպատակով, նախարարությունից հայտնել են, որ նման որևէ տեղեկատվության չեն տիրապետում։
ԲՏԱ նախարարությունից հետաքրքրվել էինք նաև՝ պատրաստվո՞ւմ են հատուցել ՀՀ ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք տուժել են այս գործողությունների արդյունքում, և արդյոք կա՞ն կորուստների վերաբերյալ արված հաշվարկներ։
Ի պատասխան՝ հայտնել են՝ նախարարությունը մասնակից ընկերություններին աջակցել է միայն ցուցանմուշների փոխադրման հարցում, չի ունեցել նրանց հետ պայմանագրային պարտավորություն, հետևաբար՝ գումարի վերադարձի մասով որևէ տեղեկատվություն առկա չէ։
ԲՏԱ նախարարությունից հետաքրքվել ենք նաև՝ ի՞նչ պատճառով է ռուսական կողմն իր տարածքում արգելափակել Աբու-Դաբիի IDEX 2021 ցուցահանդես մեկնող հայկական ցուցանմուշները, և արդյոք Հայկ Չոբանյանը փորձե՞լ է որևէ պարզաբանում ստանալ՝ ստանձնելով նախարարի պաշտոնը։
Ի պատասխան՝ նախարարությունից նշել են՝ ցուցանմուշները ՌԴ մաքսային մարմինների կողմից ուղարկվել են փորձաքննության։ ԲՏԱ նախարարության կողմից հարցումներ են ուղարկվում փորձաքննության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկվում հնարավորինս շուտ դրանք ՀՀ վերադաձնելու համար։
Հարցին էլ՝ ի՞նչ պատճառով է ռուսական կողմը մինչև հիմա շարունակում արգելափակված պահել ցուցանմուշները, ԲՏԱ նախարարությունից պատասխանել են, որ ըստ ռուսական կողմի, ցուցանմուշները դեռևս փորձաքննության փուլում են ու ՀՀ կվերադարձվեն դրանց ավարտից հետո»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։