Armeniasputnik.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլար պարգև։ Քարոզարշավի շրջանակներում Ջերմուկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բացի այդ, նույնքան գումար էլ կտանք նրանց, որոնք պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից կնկարեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն ունենալու փորձը»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ ընտրակաշառքի գործով 5 անձ է կալանավորվել, ևս 10-ին մեղադրանք է առաջադրվել, բայց խափանման միջոցը կալանքը չէ, ինչպես նաև 50 անձ էլ կասկածյալի կարգավիճակ ունի։ Փաշինյանի խոսքով` իրավապահներն առաջիկայում մեզ առատ բերքահավաք են խոստանում։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել