168.am-ը գրում է.

«Նույնիսկ եթե դուռը բաց գտնենք, նախ պիտի խորտակենք ու հետո ներս մտնենք». ահա այսպես՝ փանջունիաբար, հեղափոխական Փաշինյանը 2018 թվականին «կոտրեց» Մայր բուհի «դիմադրությունը», էլ չենք ասում, որ «խորտակեց» նաև Ռադիոտան փակ դուռը:

Բայց սա քայլող իշխանության «հեղափոխական» վերջին քայլը չէր Մայր բուհի ուղղությամբ. Նոր պլանների մասին Փաշինյանը բարձրաձայնեց ընդամենը ամիսներ առաջ, երբ չհայտարարված քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզում էր:

«Մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ։ Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնության շենքերը, քանի որ գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր գիտական, դասախոսական պոտենցիալը։ Այսօր մեր բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»:

Պարզվում է, սակայն, սա ամենևին գաղափար չէ, այլ հստակ պլան, որի կատարմանն իշխանություններն արդեն իսկ լծվել են:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր Ֆեյսբուքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը փաստում է ԵՊՀ-ի «սև շենքը» վաճառելու մտադրության մասին։

«Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ իշխանությունն ուզում է վաճառել բուհերի շենքերը։ Երբ որոշ համալսարանականներ ընդվզեցին, ասեցին, թե սխալ ենք հասկացել, նպատակը վեհ է, ունենալու ենք աշխարհում նմանը չունեցող ակադեմիական քաղաք և այլն։ Ավելին՝ մեզ մեղադրում էին կեղծ լուրեր տարածելու մեջ։

Հիմա ամենաշոկայինը՝ ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը հաստատում է, որ ԵՊՀ-ի պատմամշակութային արժեք ներկայացնող, Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ՍԵՎ ՇԵՆՔԻ վաճառքի հարցը քննարկման փուլում է:

Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ քննարկում են ԵՊՀ-ի մասնաշենքը հյուրանոց դարձնելու առաջարկը։ Հիմա գոնե պարզ է, չէ՞, թե ԵՊՀ-ում ինչու են կառավարման ճգնաժամ ստեղծել, ինչու համալսարանը ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, ինչու հոգաբարձուների խորհուրդ չունի, ինչու իրենց թեկնածուին հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել չկարողանալուց հետո, ոչ միայն լուծարեցին հոգաբարձուների խորհուրդը, այլև նախաձեռնվեց այդ խորհրդում համալսարանի ներկայացուցիչների քանակի անհամաչափ նվազեցման ԱՊՕՐԻՆԻ գործընթաց»,- լուսանկարին կից՝ գրել է Կառլեն Խաչատրյանը:

Արդեն 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս աբսուրդային նախաձեռնության դեմ ձեռնարկվող հակաքայլերին, Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց. «Համալսարանում առաջիկա ժամերին ժողով է հրավիրվելու. նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Տեղյակ եմ նաև, որ ռեկտորատի նիստ է գումարվելու, որտեղ քննարկման հարց է դառնալու Պետական գույքի կառավարման կոմիտեի հենց այս փաստաթուղթը»:

Նա հավելեց՝ համալսարանականները միակամ են ու որևէ կերպ թույլ չեն տալու նմանատիպ ոտնձգություններ.

«Վերջին ամիսներին իշխանությունը տեսել է մեր գործողություները՝ ի շահ Երևանի պետական համալսարանի. նույն հոգաբարձուների խորհրդի լիազորությունների դադարեցումը նաև դրանով էր պայմանավորված, երբ համալսարանականներն ուղղակի թույլ չտվեցին, որ իշխանության համար հարմար թեկնածուն ընտրվի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ու հիմա արդեն պարզ է դառնում, որ դրան պետք է հաջորդեին ցանկալի որոշումները, այդ թվում՝ մասնաշենքերի օտարման և այլ բնույթի որոշումներ, որոնք օրվա իշխանության ցանկություններն առավելագույնս կարտահայտեին:

Մենք գիտեինք նախապես. վստահ էինք, որ բուհը կազմաքանդելու պրոցեսներ տարվում էին, որովհետև 2018 թվականից սկսած՝ իշխանության կողմից թիրախավորված է եղել Երևանի պետական համալսարանը, ու ամեն կերպ փորձել են թե՛վարկաբեկել, թե՛ տապալել աշխատանքները, ու մենք փաստացի հետայսու ևս ամեն կերպ գործելու ենք՝ թույլ չտալու այդ կամայականությունները»:

Հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները լծվել Մայր բուհը քանդելու գործին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ իշխանությունը քաջ գիտակցում է, որ Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է միտք գեներացնող, որոշակի առաջադիմական գաղափարներ առաջ քաշող կառույց. բնականաբար, այստեղ հավաքված մարդիկ, պրոֆեսորադասախոսական կազմը, անգամ ուսանողությունը բավական առաջադիմական հայացքներ ունի, և իշխանության կողմից ամեն կերպ տոտալ վերահսկողություն սահմանելու մոլուցք է առաջացել, որպեսզի թույլ չտրվեն օբյեկտիվ ընդվզումներ կամ օբյեկտիվ քննադատություն և այլն: Սրանով պետք է պայմանավորել ու այն հանգամանքով, որ կրթությունն արժեք չի ներկայացնում ներկայիս իշխանության համար, ու նրանք հասկանում են, որ կրթված մարդիկ իրենց չեն կարող սատարել, չեն կարող ջատագով լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է. հետևաբար, «ճիշտ» թիրախ են ընտրել՝ քանդել կրթական համակարգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել