1945 մայիսի 8-ին Գերմանիան հանձնվեց և այդ նույն օրը Ալժիրում արաբները դուրս եկան փողոց՝ Ֆրանսիայի կողմից գաղութացման դեմ ցույցի: Սա հանգեցրեց բախումների և զոհերի երկու կողմից, որին հաջորդեց ֆրանսիացիների կողմից իրականացված լայնամասշտաբ սպանություններ՝ մինչև 30,000-ի հասնող զոհեր արաբների մեջ: Որոշ աղբյուրներ սա նաև ցեղասպանություն են համարում:
1960-ին Բելգիայի գաղութացումից ազատված Կոնգոյի առաջին վարչապետ Լումուբային Բելգիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունները վերացրին (անհետ) նրա համար, որ վերջինս ուզում էր պետականացնել Կոնգոյի հանքահումքային ռեսուրսները, որոնք պատկանում էին եվրոպական և ամերիկյան կորպորացիաներին:
1953-ին Անգլիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունների կազմակերպած հեղաշրջման արդյունքում Իրանի վարչապետ Մուսադաղը կանալանավորվեց և Շահին կրկին բերեցին իշխանության: Մուսադաղի «մեղքը» այն էր, որ ուզում էր պետականացնել Իրանի հանքահումքային ռեսուրսները, մասնավորապես նավթը, որի մեծ բաժինը այդ շրջանում կառավարվում էր անգլիական կորպորացիաների կողմից:
1621-ին հոլանդացիները ցեղասպանեցին Բանդա կղզու ժողովրդին համեմունքի արտադրության և առևտրի վրա մոնոպոլիա հաստատելու համար:
1919-ին, 1921-ին, դրանից առաջ և հաջորդիվ ու շարունակաբար անգլիացիների կողմից գաղութացված Հնդկաստանի բնակիչների կոտորածները տեղի էին ունենում գաղութացման դեմ բողոքները ճնշելու համար:
1500-ից սկսած, ավելի քան 300 տարի ամերիկյան մայրցամաքում հնդկացիների կազմակերպված և շարունակական բնույթ կրող կոտորածները երվրոպացի գաղութարարների կողմից իրականացվում էր նրանց պատկանող հողերը զավթելու համար: Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ բնաջնջվեց:
Եվրոպական գաղութացման արհավիրքների շարքը կարելի է երկար թվարկել: Նման գործելաոճի են դիմել նաև այլ կայսերական պետություններ, օրինակ, օսմանյանն ու ռուսականը:
Ինչու եմ սրանց մասին գրում: Մի քաղաքագետ կա, որ իրեն դեմոկրատ է համարում, շարունակաբար ռուսներին չարիք է համարում մեր պետության համար և պնդում է, որ եվրոպացիները մեզ համար բարիք կլինեն: Այս անձը կամ աշխարհի պատմության միայն մի կողմը գիտի, կամ էլ բացահայտ հանրության լայն զանգվածների ականջներին հակառուսական տրամադրություններով համեմված մակարոն է կախում: Հետն էլ հակառակ կարծիք կամ անհամաձայնություն ունեցողներին ապուշ է անվանում:
Սույն պարոնը և նրա ջատագովները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ մեր խնդիրների աղբյուրը ինքներս ենք և պետք է մտածել ոչ թե նրա մասին, թե ում թևի տակ մտնել, թե ում ստրկանալ և ում ռեսուրսը դառնալ, այլն նրա, թե ինչպես ենք մենք մեր երկրի տերը դառնալու և մեր ռեսուրսներն ու պետությունը ինքնուրույն կառավարելու՝ նաև այլոց հետ հարաբերություններ կառուցելով (և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի և հարևանների ու այլոց):
Իհարկե նշածս բարդ գործընթաց է և ամեն մեկի խելքի բանը չէ: Պետություն կառուցելը իրապես ամեն մեկի խելքի բանը չէ, բայց դե քարվան կտրող քաջնազարյան քաղաքագետների և քաղաքական համարվող ճառասացների պակաս չունենք, որոնք հանրությանը էլ ավելի են խճճում՝ փոխանակ խելամիտ ճանապարհով ուղղորդելու:
Իհարկե Եվրոպան շատ է փոխվել, ԱՄՆ-ը նույնպես: Ի դեպ, գրածս ոճիրները փաստեր են, որ նրանք ընդունել են: Ռուսաստանը նույնպես փոխվել է, դե այլևս սովետական չէ, ապրում է կապիտալիստական, ավելի շուտ եվրոպական շուկայական տնտեսության կանոններով: Համենայն դեպս, աշխարհը դեռ մրցում է ռեսուրսների համար՝ ինչպես նախկինում: Եվ այս պայքարում Ռուսաստանն ու Արևմուտքը հակառակորդներ են, իսկ մենք այդ երկուսի արանքում ենք և դեռ ռեսուրս պետություն ենք, քանի որ արժեք չենք ստեղծում: Եթե մենք չունեցանք մեր սեփական շահերից բխող անկախ քաղաքական գիծ, այդ արևմուտք-արևելք հակամարտության մարտադաշտը մեր տունն է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել