Armeniasputnik.am-ը գրում է.
Օպերատիվ իրավիճակը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում հայ–ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրմամբ, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։



