Երեկ երեկոյան ներքաղաքական հերթական լոկալ սրացումն էր. Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայնացրել էր, իր խոսքով, այն առաջարկը, որ արել էր Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Դրա էությունն այն էր, որ նախկին նախագահները պետք է դաշինք կազմեին ու միասին մասնակցեին ընտրություններին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Ու մինչև բացահայտ ու լատենտ լևոնականները հիացական դեֆերամբներ են ձոնում ու դատափետում երկրորդ ու երրորդ նախագահներին այս «փայլուն» առաջարկը կյանքի չկոչելու համար, եկեք հասկանանք, թե ինչու Քոչարյանն ու Սարգսյանն առանձնապես չխանդավառվեցին ու չեն խանդավառվի նման գաղափարով, իսկ ավելի ճիշտ կլինի հասկանալը, թե ո՞րն է առաջին նախագահի իրական փափագը։
Նախևառաջ և անկախ Տեր-Պետրոսյանի իրական մոտիվներից՝ զուտ քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից բացարձակ աննպատակահարմար է Տեր-Պետրոսյանի հետ դաշինք կազմելը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու յուր ՀԱԿ-ը մաքուր բալաստ կդառնային Քոչարյանի ու Սարգսյանի համար։ Մեռելածին այս քաղաքական միավորը միայն մեկ անգամ է կարողացել հաղթահարել ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը՝ 2012-ին, դա էլ պայմանավորված էր նրանով, որ 2012-ին կարողացել էր իր օգտին մոբիլիզացնել «նախկիններին մերժելու» էներգետիկան և ստանալ պրոտեստային քվեարկության խոշոր չափաբաժինը։
2021 թվականին Քոչարյանին ու Սարգսյանին մերժելու մենաշնորհը ու, ըստ այդմ, «պրոտեստային քվեարկության» չափաբաժնի տերը Նիկոլն է։ Այսինքն՝ երկրորդ ու երրորդ նախագահների անտիռեյտինգը հիմնականում նիկոլն է կարողանալու կոնվերտացնել սեփական ռեյտինգի։
Էլ չխոսենք այն մասին, որ հասկանալի չէ, թե հանուն որ արժանիքների Քոչարյանն ու Սարգսյանը պետք է իրենց վրա ստանձնեին ՀԱԿ-ի մնացորդների, այդ թվում, ֆինանսական հոգածությունը՝ յուր Լևոն Զուրաբյաններով ու մարգինալիզացված ակտիվով։
Սակայն անգամ վերոնշյալ նկատառումները չէ, որ նման դաշինքն անհնար են դարձնում։
Իրականությունն, ըստ իս, շատ պարզ է ու պրոզայիկ։ Խնդիրը Տեր-Պետրոսյանի իրական մոտիվացիայի մեջ է և այն փաստի, որ ո՛չ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահներն այնքան միամիտ ու անփորձ տղերք չեն, որ դա չհասկանան։ Երկուսն էլ հրաշալի հասկանում են, որ կապիտուլյացիայից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը միայն մի գերնպատակ է դրել իր առջև կյանքի մայրամուտին՝ պատմության մեջ մտնել այնպես, որ Նիկոլի անունն իր անվան հետ չկապվի, այսպես ասած՝ քաղաքական հայրությունից է ուզում հրաժարվել։
Եվ իրոք, եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք էլի։ Այդ ինչի՞ց է այդքան դժգոհ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ բանը հասնում է Նիկոլին։ Վերջիվերջո, այդ ի՞նչ է արել Նիկոլը, որ ժամանակին որպես լուծում չէր առաջարկում Տեր-Պետրոսյանը։
2017-ի ընտրություններին Տեր-Պետրոսյանը վերահաստատում էր, որ Արցախը պետք է հանձնել ու իր այդ նարատիվով անգամ չկարողացավ հաղթահարել ԱԺ-ի անցողիկ շեմը։ Նիկոլն Արցախը հանձնեց՝ փաստացի հաստատելով Տեր-Պետրոսյանի այն կեղծ թեզը, թե. «Տղա եք՝ պահեք»։
Տեր-Պետրոսյանն ասում էր, որ մեր պաշտպանությունը պետք է դառնա մեր անպաշտպանությունը, որպեսզի միջազգային հանրությունն ու աշխարհաքաղաքական խաղացողները ստիպված լինեն ապահովել մեր անվտանգությունը։ Էհ, Նիկոլն էլ ջախջախեց մեր բանակն ու աստիճանաբար գնում է բանակը՝ որպես ինստիտուտ, չեղարկելու ճանապարհով ու այսօր արդեն մեր անվտանգությունը փաստացի գցել է ռուսների գրպանը։
Եվ ուրեմն՝ ո՞րն է խնդիրը։ Տեր-Պետրոսյանը բազում ու բազմաթիվ ջանքեր էր գործադրում Ադրբեջանի ու հատկապես Թուրքիայի հետ հաշտվելու համար և այդ կերպ փորձում էր դիվերսիֆիկացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, ինչն էլ արդյունքում նրան բերեց հրաժարականի դուռը։
Նիկոլը յոթմղոնանոց քայլերով է գնում այդ հաշտեցմանը, ու այս դինամիկայով արդեն շատ մոտ ժամանակներս ականատես կլինենք, թե ինչպես Նիկոլի օրոք կյանքի կկոչվի Տեր-Պետրոսյանի փափագած թուրքի հետ քիրվայություն անող Սերգո-Պողոսի կոնցեպտը։
Կրկնում եմ հարցս՝ ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը Նիկոլին անվանում ազգադավ պատուհաս։
Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես, միանշանակ, կիսում եմ այդ գնահատականը ու ինքս համարում եմ Նիկոլին այդպիսին, բայց չեմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանը երբվանից դարձավ Նիկոլի դատավորը ու ինչ հիմքով, եթե Նիկոլը շարունակաբար ու հետևողականորեն կյանքի է կոչում այն ամենը, ինչը Տեր-Պետրոսյանն այս կամ այն կերպ քարոզում էր դեռ 90-ականներից։
Ասածս պարզ ու պրոզայիկ իրողությունն էլ հենց դրանում է. Տեր-Պետրոսյանը պարզապես ուզում է սրբագրել իր տեղն ու դերը պատմության մեջ, որովհետև, անկախ նրանից, թե ինչ կլինի՝ Հայոց պատմության վերջին էջը կշրջենք, թե կվերածնվենք, Նիկոլի անունը անիծված ու խարանված է լինելու դրանում, ու խարանված են լինելու նաև նրա հետ էական կապ ունեցող բոլորի անունները։
Տեր-Պետրոսյանը սա է ուզում փոխել, ոչ թե Նիկոլին ու, առավել ևս, ստեղծված իրավիճակը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սա հասկանում են։ Հասկանում են ու չեն ուզում ևս մի անգամ իրենց շալակն առնել Տեր-Պետրոսյանին սպիտակեցնելու բեռը։ Երկու անգամ արեցին՝ 1997-ին ու 2008-ին, հերիք է։ Իրոք հերիք է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել