Hetq.am-ը գրում է․
17 օր մահվան եւ կյանքի սահմանագծում դեգերելուց հետո արթնացումը նման էր երկնային հրաշքի: 2020թ․ հոկտեմբերի 14-ին գումրեցի 23-ամյա Մուշեղ Մարտիրոսյանը ծնվեց 2-րդ անգամ: Այս պատմությունը չէր լինի, եթե չլիներ 44-օրյա արցախյան պատերազմը: Ոչ, Մուշեղը չհասցրեց կռվել, անգամ մեկ արկ կրակել: Տեխնիկան որտեղ գտնվում էր 5 հոգանոց անձնակազմը, հարձակման հենց առաջին իսկ րոպեներին հայտնվեց թշնամու թիրախում: Ու այդ պահից սկսած ամեն ինչ թաղվեց խավարի մեջ:
Մուշեղին խնդրում եմ պատմել սեպտեմբերի 27-ին նախորդած իրադարձությունները, սակայն հիշողությունները սահմանափակվում են սեպտեմբերի 26-ի վաղ առավոտով, երբ տանից հասել է զորամաս: «Ես հիշում եմ, որ առավոտ 7-ին ախպերս տարել է ինձ զորամաս, ես ներս եմ մտել ու էլ բան չեմ հիշում: Ոչ էդ օրվա իրադարձություններն եմ հիշում, ոչ հաջորդ օրը, ու էդպես, մինչեւ հիվանդանոցում աչքերս բացելը»,-ասում է զրուցակիցս:
Մուշեղի սերը զինվորական գործի նկատմամբ մանկուց էր: Սիրում էր լսել պապի հոր՝ ֆիդայի Մուրադի մասին պատմություններն, ու նրան նմանվելու ցանկությունն էլ հենց տղային տարավ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան: Ավարտելուց հետո, վիճակահանությամբ, որպես ծառայության վայր, ընտրեց Շուշին: «Ես պրակտիկաս Շուշի էի անցկացրել ու ճիշտն ասած դուրս եկել էր համ զորամասը, համ քաղաքը: Ես ուզում էի նամակ գրել, որ ինձ միանգամից ուղարկեն ծառայության այնտեղ, բայց մաման չէր ուզե: Ասի, լավ, չեմ գրի, ինչ որ եղավ ու շատ ուրախացա, որ վիճակ քաշելուց ինձ հենց Շուշին ընկավ,-պատմում է Մուշեղը,-արդեն որպես սպա, Արցախում ծառայության եմ անցել 2019թ․: Մեր տեղակայման վայրը Շուշիից Մարտակերտ տանող ճանապարհին էր»:
Մեր զրույցին մասնակցում են Մուշեղի եղբայրն ու ծնողները: Մայրը՝ Մարինեն պատմում է, որ օգոստոսից ընտանիքով տեղափոխվել էին Շուշի՝ մի որոշ ժամանակ զինվորական որդու կողքին լինելու համար: Սեպտեմբերի 25-ին նշել են ամուսնու՝ Հրայրի ծննդյան տոնը, հաջորդ օրը վաղ առավոտյան Շիրակը՝ փոքր տղան, մեքենայով Մուշեղին տարել է զորամաս:
«Սեպտեմբերի 26-ի երեկոյան, Մուշեղիս հետ նույն տանը վարձով մնացող ընկերը՝ Սայաթն ըսեց, թե Մարինե տոտա, շորերս միջանցքում կդնես, կարող է համար մեկ տագնապ տան, ես գիշերը գնամ: Շատ անհագիստ եմ քնել, ժամը 6-ը չկար, ելա, գնացի ջուր խմեցի, նայեցի Սայաթի շորերը տեղն էին, ասի՝ լավ է, փառք Աստծու, ուրեմն բան չի եղել, որ չի գնացել: Հետո մի ժամի չափ անցել էր, ուժեղ գմփոցի ձեն եկավ, ելա արագ հագնվա, տղամարդիկ քնած էին: Երբ որ երկրորդ գմփոցն եկավ, սկսեցի գոռալ, որ պատերազմ է սկսվել: Հետո Սայաթը դուրս նայեց ու ասեց՝ շուտ, շուտ արեք, դուրս եկեք տնից, անօդաչու սարքեր են»,-հիշում է Մարինեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ