Hetq.am-ը գրում է․
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները և նրանց ընկերներն ու բարեկամները 2020 թ.-ից աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Ավինյանի ընկերը նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ՝ Սյուզաննա Բաթոյանի տեգրն է։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակի» իրավահաջորդն է։ Վերջինս էլ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է։
«Հետք»-ի Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Տեղեկությունները ստուգելու նպատակով մի շարք հարցումներ ենք հղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանին։
Երեք ամիս տևած նամակագրությունից հետո էական նշանակություն ունեցող տեղեկություններ այդպես էլ հնարավոր չեղավ ստանալ ո՛չ Սուրեն Պապիկյանից, ո՛չ Ստեփան Մաչյանից։ Ստեփան Մաչյանը նույնիսկ հրաժարվեց իր կենսագրականի վերաբերյալ տեղեկություններ հայտնել։
Այդուհանդերձ ներկայացնում ենք, թե ովքեր են 2020 թ.-ի երկրորդ կեսին հայտնվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։
Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա օգոստոսի 17-ին։ Մաչյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի այդ՝ Ստեփան Մաչյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին (2019-2020 թթ.) նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է։ Երկու հարցմամբ դիմեցինք Մաչյանին՝ խնդրելով տրամադրել, ի թիվս այլ աշխատակիցների, նաև իր կենսագրականը։ Մաչյանը երկու անգամ էլ մերժեց տեղեկատվություն տրամադրելու մեր հարցումները՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելուց առաջ զբաղեցնում էր Զարուհի Բաթոյանի հասարակական հիմունքներով խորհրդականի, ապա նույն նախարարությունում՝ վարչության պետի պաշտոնները, որոշ ժամանակ էլ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր։ Մաչյանի կենսագրության վերաբերյալ այնքան հրապարակումներ կան բաց աղբյուրներում, որ տարակուսելի են կենսագրականը չտրամադրելու պատճառաբանությունները։
Վահագն Ստեփանյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է։ Սուրեն Պապիկյանին ուղղված մեր գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված հաստիքացուցակում Վահագն Ստեփանյանի տվյալները բացակայում էին։ Մինչդեռ ՊՈԱԿ-ի կայքում Ստեփանյանը ներկայացված է որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում նա նշանակվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 26-ին։ 2021 թ.-ի մարտ ամսին ՊՈԱԿ-ի կայքում Վահագն Ստեփանյանի պաշտոնը նշվել է «Ծրագերի կառավարման դեպարտամենտի պետ»։
Վահագն Ստեփանյանը Ստեփան Մաչյանի մանկության ընկերն է։ Նա էլ է հրաժարվել իր կենսագրությունը մեզ տրամադրելուց։ Նշենք, որ Վահագն Ստեփանյանը նույնպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում է աշխատել։ 2019 թ.-ին նա համակարգել է նախարարության սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերը։ Հետագայում հետևելով Ստեփան Մաչյանի օրինակին՝ տեփափոխվել է ՊՈԱԿ։
Նարեկ Մկրտչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մկրտչյանը ևս Մաչյանի ընկերն է։ Ինչպես Վահագն Ստեփանյանի, այնպես էլ այս դեպքում Նարեկ Մկրտչյանի պաշտոնը փոխվել է մարտ ամսին։ Ըստ ՊՈԱԿ-ի կայքի՝ նա Ադմինիստրատիվ ծառայության ղեկավարն է։
Ստեփան Մաչյանի ընկերներից բացի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում պաշտոն է ստացել նաև նրա աներձագի կինը՝ Իզաբելլա Մուրադյանը։
Վերջինս Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավարի պաշտոնում է նշանակվել 2020 թ.-ի նոյեմբերի 14-ին։ Մինչ ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելն Իզաբելլա Մուրադյանը զբաղեցնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի խորհրդականի պաշտոնը։ Թե ինչպե՞ս է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտից հետո Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը ղեկավարում Իզաբելլա Մուրադյանը, գիտի միայն Ստեփան Մաչյանը։
Բացի հաստիքային աշխատակիցներից, ՊՈԱԿ-ում եղել են նաև արտահաստիքային աշխատանքներ կատարողներ։ 2020 թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչև 2021 թ.-ի փետրվարի 2-ը ՊՈԱԿ-ը քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել
Լիլիթ Ասկարյանի հետ։ Նա օժանդակել է ՊՈԱԿ-ի փաստաթղթերը պահպանելուն, հետևել է նամակներին ժամանակին արձագանքելուն, կատարել է փաստաթղթերի պատճենահանում, օգնել է գլխավոր տնօրենի օգնականին, համակարգել է «Մալբրի» համակարգի փաստաթղթաշրջանառությունը։ Լիլիթ Ասկարյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանի եղբոր՝ Արտավազդ Մաչյանի գործընկերոջ կինն է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին խնդրել էինք ՊՈԱԿ-ի հաստիքների համար վերջին 6 ամիսներին վճարված աշխատավարձերի, պարգևավճարների և աշխատավարձին հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններ տրամադրել։ Սուրեն Պապիկյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տրամադրել է յուրաքանչյուր ամսվա համար ընդհանուր թիվ։ Դրանից պարզ չի դառնում, թե կոնկրետ վերը նշված անձինք յուրաքանչյուր ամիս որքան գումար են ստացել պետական ոչ առևտրային կազմակերպությունից։
Բաց է մնում այն հարցը, թե մասնագիտական ինչ փորձառություն ունեն այս անձինք, որոնց վստահվել են Հայաստանի ճանապարհաշինական գլխավոր ծրագրերը համակարգող ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնները։